«Հովտաշատում 1040 ընտանիքից 200-ը արդեն երկու տարի է՝ խմելու ջուր չունի»
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ջրային օրենսգրքում» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը: Դրա վերաբերյալ ելույթ ունեցավ Հեղինե Բիշարյանը՝ նշելով. «Գործ ունենք ազգային մի ռեսուրսի հետ, որի կորուստը ամենածանր հետեւանքները կունենա մեր ազգի համար: Պետք է ավելի ուշիմ լինենք, փորձենք ամբողջությամբ արգելել հնարավորությունները, որոնցից օգտվում են որոշակի արտոնյալներ: Պետք է գույքագրենք այն, ինչ արդեն գոյություն ունի: Ամենաթողի մի իրավիճակում հայտնվեցինք. ով՝ որտեղ, ինչ մաղարիչով, ծանոթով, ինչքան կարողացան, էդ հորատանցքերը բացեցին»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե հատկապես Արարատի մարզում եւ հարակից տարածքներում են այն լրջագույն խնդիրները, որոնք կապված են ջրային ռեսուրսների հետ: «Հովտաշատ գյուղում 1040 ընտանիքից 200-ը արդեն երկու տարի է՝ խմելու ջուր չունի: Ջրային ռեսուրսների վատնումը վնաս է հասցնում հարակից տարածքի բնակիչներին եւ հողերին»,-նշեց նա: