Դու ջուր, ու ես ձուկ, հոգիս. Ինտելեկտուալ երկխոսություն ԱԺ-ում (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր «Ջրային օրենսգրքում» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկմանը հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը: Նա այնքան ջանասիրաբար կարդաց հանձնաժողովի տեսակետը, որ ջուր խմելու կարիք ունեցավ, սակայն վերցնելով ամբիոնին դրված բաժակը՝ հիասթափված դիմեց ԱԺ աշխատակազմին. «էս ջուրը խմա՞ծ է»: Դահլիճից այդ պահին ՀՀԿ պատգմավորներից ասացին, որ իրենք այլեւս հարցեր չունեն՝ ամեն ինչ պարզ է: «Ապրես»,- կամաց արձագանքեց Տաճատ Վարդապետյանը: «Անխղճություն կլիներ հարցեր ունենայիք, էդքան հարց տալուց հետո»,- նկատեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Միակ հարց տվողը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էր, որն այսօր հատկապես աչքի ընկավ իր ակտիվությամբ: «Իմանալով ձեր ստեղծագործական տաղանդը եւ ստեղծագործությունները ճիշտ շեշտադրումներով վեր հանող անձնավորություն՝ այսպիսի մի միտք եմ ուզում օգտագործել, որ կուզենայի դուք մեկնաբանեք: Մեզ ժառանգություն է հասել մի արտահայտություն՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, այս դեպքում մեր քաղաքականությունն այնպիսինն է, որ մեզնից հետո անապատ: Մենք կարո՞ղ ենք այս նախագծով փոխենք այդ գաղափարը եւ ստեղծագործական ինչ մոտեցում կցուցաբերեք, որ այս խնդիրը ներդաշնակ անցկացնելու համար՝ սուր շեշտադրումներ չունենալու համար»,-հարց ուղղեց Հեղինե Բիշարյանը: Ի պատասխան Տաճատ Վարդանյանն ասաց. «Տիկին Բիշարյան, ես պարզապես հիանում եմ ձեր երեւակայությամբ: Տեղին էր հարցը, քանի որ քննարկվող նախագիծը բավականին խոցելի էր: Այդ ջրառը միգուցե սպառնար ձեր նշած՝ անապատացմանը, եթե հիմքում չլինեին համապատասխան հաշվարկներ: Ես գիտեմ, որ մեզնից հետո-ն գալու է, սակայն ահավասիկ ուզում եմ փաստել ու աղոթել՝ թող ոչ ջրհեղեղ լինի, ոչ էլ անապատացում»: Մինչ Հեղինե Բիշարյանը կարձագանքեր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կատակով զգուշացրեց. «Ձեզ խնդրում եմ՝ անհարկի ակնարկներ հատկապես ժառանգության իմաստով, չտաք»: Իսկ Հեղինե Բիշարյանը նշեց, որ մեր գործարարների համար իրենց ձկնիկները ոսկե ձկնիկներ են, քանի որ օգտագործվում է պետության ջրային ռեսուրսը. «Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այս նախագիծը փակում է բոլոր ճանապարհները, որ որեւէ մեկը չմտնի այդ դաշտ ու չխոշորանա: Եվ հայտնի Ֆրիկի այն գաղափարը, որ մեկին հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ մի չորքոտանի, սկզբունքը գործի այս նախագծից հետո»: Տաճատ Վարդապետյանին այս երկխոսությունը դուր եկավ. «Որքա~ն ինտելեկտուալ ու բանաստեղծական երկխոսություն է ծավալվում իմ եւ ձեր միջեւ: Բոլոր դեպքերում ոսկե ձկնիկներ թող լինեն, եթե իրականում կան այդպիսիք: Եվ այս պահին ակամայից Նահապետ Քուչակ եմ հիշում՝ դու ջուր, ու ես ձուկ, հոգիս, առանց ջուր ձուկն մեռանի: Բոլոր դեպքերում, թող եւ ջուր լինի, եւ ձուկ»: «Ներողություն, մենք ձեզ չե՞նք խանգարում այստեղ»,- ծիծաղելով արձագանքեց Հերմինե Նաղդալյանը: «Խանգարում ենք, բա ինչ ենք անում»,- տեղից ասաց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: