«Արարատյան դաշտավայրը դարձել էր ապօրինի հորատանցքերի ցանց»
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Ջրային օրենսգրքում» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը: Այն ներկայացնում էր Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Փաթեթով առաջարկվում է կարգավորել ստորգետնյա քաղցրահամ ջրերի օգտագործման եւ պահպանման առանձնահատկությունները. «Արարատյան դաշտավայրում ստորգետնյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվություն տալու համար Ջրի ազգային խորհուրդը պետք է տա իր դրական եզրակացությունը»: Նրան հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ նշելով. «Սահմանված 1.1 մլրդ խմ-ն վերականգնողական պաշարի սահմանն է Արարատյան արտեզյան ավազանի, բայց այս վերջին 10 տարվա, մեղմ ասած, անհաշվենկատ արդյունահանման արդյունքում մենք ունենք ջրի մոտ 18 մետր բաց, իջվածք, այսինքն՝ այդտեղի բնակչությունը, քաղաքները գտնվում են անդունդի վրա: Չե՞ք կարծում, որ եթե 1.1 մլրդ խմ սահմանենք այսօր, դա մենք երբեք ջուրն իր բնականոն վիճակին չենք բերի, էլ չեմ ասում, որ հարակից տարածաշրջանի աղբյուրները վերջին մի քանի տարում ցամաքում են»: Նա նաեւ նշեց, որ հանելով Արարատյան արտեզյան ավազանի քաղցրահամ ջուրը՝ այն ուղղորդում ենք Արաքս գետ, Կասպից ծով. «Չե՞ք կարծում, որ ծրագիր պետք է մշակվի, որ ուղղորդենք այդ քաղցրահամ ջրերը ուղղորդվեն ոռոգման նպատակներով: Մարդիկ մի քանի հարյուր կիլոմետրերով են բերում, որ ոռոգեն, մինչդեռ 30-40 մետր բարձրացնելով արտեզյան ջրերը՝ կարող ենք այն օգտագործել ոռոգման համար եւ արդյունքում կկրճատենք նաեւ Սեւանից վերցվող ջուրը, որը չի բավականացնում ատոմակայանի համար»: Պարոն Խաչատրյանին նաեւ հետաքրքրում էր՝ ինչպե՞ս մեզ հաջողվեց երկու տարում երկու անգամ կրճատել արդյունաբերվող ջուրը. «Դա արեցինք ընդամենը 80-90 հոր փակելով եւ կարգավորող փականներ դնելով: Մի՞թե դա հնարավոր չէր անել նախկինում, ստացվում է՝ դրանք պարզապես աննպատակ շատրվանո՞ւմ էին ու որեւէ մեկը պատասխան տալո՞ւ է սրա համար»: Փոխնախարար Պապյանը նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունները եւ արդեն քայլեր ձեռնարկում են, մասնավորապես ավտոմատահամակարգ են մտցնելու, որ հետեւեն ջրի ծախսին, վերականգնողական գործընթացներն ավելի արագացնեն. «Իսկ շատ հորատանցքեր այս ընթացքում ուղղակի չորացել էին: Եթե նպատակասլաց ուղղորդենք մեր աշխատանքները, շուտով մենք արդյունքները կտեսնենք: Ճիշտ եք, մենք պետք է մաքսիմալ օգտագործենք արդյունահանվող ջուրը. Արարատյան դաշտավայրը դարձել էր ապօրինի հորատանցքերի ցանց: Իրավապահ մարմինների օգնությամբ մենք կարողացանք հաշվառել ու փակել այդ հորատանցքերը»: Սիմոն Պապյանը նաեւ նշեց, որ իրենց քայլերում պետք է ամեն ինչ անեն՝ չվնասելու ձկնաբուծական ընկերություններին: