Մեր տնտեսության ինդիկատորը. հայկական կոնյակն արտահանվում է առանց շահույթի (տեսանյութ)
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կոնյակագործության, գինեգործության և խաղողի մթերման ու արտահանման ծավալների գնահատման տեսանկյունից 2015թ-ը գնահատում է խիստ բացասական: Նա նշում է,որ արտահանման ծավալների կրճատումը սկսվել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր-հեկտեմբեր ամիսներից և շարունակվում է մինչ այժմ: «Մեր խաղողի 95 %-ը օգտագործվում է կոնյակ պատրաստելու համար: Այսօր պաշտոնական տվյալներ չկան, սակայն ձեզ մեր հաշվարկների արդյունքները կարող եմ ասել, որ կոնյակի բնագավառում ունենք առնվազն 20%-ի անկում, ծավալների արտահանման առումով 15% անկում, իսկ արժեքի առումով առնվազն 20-25%-ի անկում՝ անցյալ տարվա հետ համեմատ: Մեր կոնյակը հիմնականում իրացվում է դրսում, ներսում մենք կոնյակ չենք իրացնում և այդ իսկ պատճառով կոնյակը մեր տնտեսության ինդիկատորն է: Այս ցուցանիշները մտահոգիչ են»,-նշեց պարոն Հարությունյանը: Վերջինս ստեղծված իրավիճակը պայմանավորում է նախորդ տարի ռուսական ռուբլու անկումով: «Ռուսական շուկայում գները չբարձրացան, ռուբլին կրկնակի ընկավ , իսկ ռուսական կառավարությունը արգելեց, որպեսզի համաչափորեն բարձրացվեն գները և ստացվեց , որ նույն ապրանքը վաճառվում էր արդեն 70%-ով էժան: Իրադրությունը ծայրահեղ վատ էր նաև այն առումով, որ եթե մերոնք հանկարծ սկսեին չմատակարարել, ապա կկորցնեին իրենց տեղը շուկայում, որը նվաճել էին մեծ դժվարությամբ: Մանավանդ հիմա այս նախատոնական օրերին արտահանում են զրո-զրո շահույթով, այսինքն՝ զուտ շուկայում իրենց տեղը չկորցնելու համար , որովհետև այն իսկույն կզբաղեցնեն ուրիշները , իսկ հայկական կոնյակը ունի շատ լուրջ մրցակիցներ՝ բուն ռուսական կոնյակ արտադրողներն են, ադրբեջանցիներն են և ֆրանսիական կոնյակ արտադրողները»: Պարոն Հարությունյանը անդրադարձավ նաև ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների: Մանրամասները՝ տեսանյութում