Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինքնասպանությունների մեծ մասը խումարբազությամբ զբաղվելու հետեւանք է»   (տեսանյութ)

Քաղաքականություն
casino

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում սկսեց քննարկել «Շահումով խաղերի եւ խաղատների» եւ «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների կատարելու մասին նախագծերի  փաթեթի քննարկումը: Փաթեթը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Ըստ փոփոխությունների՝ արգելվում է ինտերնետ շահումով խաղերի գովազդումը հեռուստա-ռադիոեթերով, համայնքներում՝ գովազդային վահանակների վրա. «Թույլատրվում է միայն այն դեպքում, երբ խաղասրահներում է այդ գովազդը կամ ՀՀ սահմանային կետերի  վրա կամ չորս աստղանի հյուրանոցների նախասրահներում: Նպատակը մեկն է՝ անչափահասներին հեռու պահել մոլախաղերով հրապուրվելուց»: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը նշեց, որ փաթեթը շատ լավն է, սակայն լավ չէ, որ արտահերթության կարգով է այն բերվել. «Ո՞րն է չափանիշը»: Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ նպատակն այն է, որ հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնեն. «Ու այդ նպատակով նախագիծը պակաս հրատապ չէ»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին էլ հայտարարեց, որ օր առաջ պետք է ընդունել այս նախագիծը. «Ինքնասպանությունների մեծ մասը խումարբազությամբ զբաղվելու հետեւանք է, որ տան եղած-չեղածը անչափահասները տարվում են ու դրա հետեւանքով լինում են ինքնասպանության դեպքեր: Տարվելով գովազդներով՝ նրանք դա ընկալում են որպես հարստանալու արագ միջոց: Ես կարծում եմ՝ պետք է արգելել այդ գովազդը»: Վախթանգ Միրումյանը նշեց, որ ՀՀ սահմաններին ու հյուրանոցներում  չեն կարող արգելել, քանի որ դա զբոսաշրջային նպատակ է հետապնդում. «Բիզնեսի տեսանկյունից նպատակահարմար է թողնել այդ գովազդը: Մանավանդ, որ մեր քաղաքացիները հյուրանոցներում չեն ապրում»: «Կարծում եմ, որ խաղացողը կգնա ու նորից նույն տեղը կխաղա, սակայն պետության մոտեցումն է այս դեպքում կարեւոր»,- իր կարծիքը հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։