ՀՅԴ-ն չի միանալու ՀԱԿ նախաձեռնած ստորագրահավաքին
ԱԺ-ում այսօր, երբ ելույթ էր ունենում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ խոսում գյուղացիական կոոպերացիաների մասին, հպանցիկ նշեց, որ զրոյական է համարում ընդդիմության ստորագրահավաքը՝ հանրաքվեի արդյունքների վիճարկման համար դիմել Սահմանադրական դատարան: «Դանից կարելի՞ է հետեւություն անել, որ ՀՅԴ-ն չի միանում ստորագրահավաքին»,- փորձեց ճշտել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իսկի մինչեւ հիմա ձեւաթուղթը չենք տեսել»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը: «Այսինքն, եթե ունենայիք, ուրեմն կստորագրեի՞ք, հա՞»,- ժպտալով նկատեց Էդուարդ Շարմազանովը: Այդ պահին ամբիոնին մոտեցած ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ու իր կողմից ավելացրեց. «Ինչի թղթո՞վ է որոշվում ամեն ինչ»: Հիշեցնենք, ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել Սահմանադրական դատարան դիմելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ պատգամավորները, բացի Հրանտ Բագրատյանից ու Լյուդմիլա Սարգսյանից, «Ժառանգություն»-ը՝ բացի Ռուբեն Հակոբյանից, ՕԵԿ երկու պատգամավոր, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր միացել են նաեւ ՕԵԿ մյուս երեք պատգամավորը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը եւս հայտարարել է, որ միանալու է: