«Հավասարության մեջ չկա բացառություն». ներառական կրթությունը` նախադպրոցական տարիքից
«Հավասարության մեջ չկա բացառություն, իսկ ներառական կրթությունը հնարավորություն է տալիս երեխային բոլորի նման, բոլորի հետ հավասար մասնակցել կրթական գործընթացին»,- ասում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ 2001 թվականին, երբ դպրոցները ներառական դարձնելու առաջին փորձերն էին արվում, դեռ կային սովետական հասարակարգին բնորոշ որոշ կարծրատիպեր, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն հատուկ դպրոցներում, այլ տեսակի կրթություն ստանան: «Այն ժամանակ կրթությունը շատ ավանդական ու կարծրացած էր, քան այժմ, երբ տարբեր ծրագրերի արդյունքում ճկունանում է: Այն ժամանակ դպրոցները հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու փորձ չունեին»: 2005 թ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի ընդունումից ի վեր ներառական կրթություն իրականացվում է 182 դպրոցներում, որտեղ սովորում է շուրջ 3000 երեխա: ՀԿ-ի ղեկավարը նշում է, որ դպրոցներում մատչելի եւ որակյալ ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ են ճկուն ծրագրեր, վերապատրաստված ուսուցիչներ, դասավանդման այլ մեթոդներ, որոնց միջոցով երեխաները կսովորեն սովորել, ավելի ներգրավված կլինեն դասապրոցեսին: Սակայն այդքանը բավարար չէ. նա նշում է, որ դպրոցները հարմարեցված չեն, անմատչելիության պատճառով հատկապես անվասայլակից օգտվող երեխաները դժվարությամբ են տեղաշարժվում, իսկ դպրոց հասնելու համար չկան համապատասխան տրասնպորտային միջոցներ: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ կարեւորագույն խնդիրը մնում է մարդկանց վերաբերմունքը եւ կարծրատիպերը, որոնք դեռ առկա են հասարակության շրջանում: Սակայն ես նաեւ կարծում եմ, որ վաղվա սերունդը այնպիսին չի լինի, ինչպիսին այժմյանն է, որովհետեւ վաղվա սերունդը կունենա ներառական միջավայրում սովորելու փորձառություն»: Իսկ այն հարցին, թե որոնք են ոլորտային հիմնական բացերը, ՀԿ-ի ղեկավարը պատասխանեց. «Նախադպրոցական կրթությունը, որը ինքնին երեխայակենտրոն է, ինտերակտիվ, ներառական չէ: 2016 թվականի մեր առաջնահերթ խնդիրներից է դարձնել նախադպրոցական ներառական կրթությունը օրենքի պահանջ: Աշխատանքներ են տարվում նախնական եւ միջին մասնագիտական, բուհական կրթության փորձը այստեղ հաստատելու ուղղությամբ: Կրթության ամենադժվար եւ կարեւորագույն համակարգը հայտարարել է իրեն ներառական, մինչդեռ մյուս համակարգերը դեռ լռում են»: Ըստ Zero Project-ի 2015 զեկույցի, որտեղ ներկայացվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներառական կրթության ռազմավարական ծրագիրը ճանաչվել է լավագույն նորարարական ծրագրերից մեկը: