«Ամեն դեղին բան կոնյակ չի». գյուղատնտեսության փոխնախարար (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց. «Հատուկ հասկացություններ բաժնում հատուկ գինի հասկացության մեջ տեղ է գտել անճշտություն՝ խմորման փուլում գտնվող խաղողի քաղցրության համար բնական էթանոլի խտությունը սահմանվել է 12-17,5 ծավալային տոկոս, մինչդեռ խմորման փուլում այն կարող է ունենալ 4-17,5 ծավալային տոկոս խտություն։ Այլ անճշտություններ էլ կան»։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին ոչ այնքան այս փոփոխությունը հետաքրքրեց, որքան խաղողի մթերման շուրջ խնդիրները։ «Հաջորդ տարի էլ, Աստված տա, էլի շատ բերք ստանանք, բայց մենք պատրա՞ստ ենք լինելու կազմակերպված խաղողի մթերում իրականացնելու»,-հարցրեց նա։ «Այն կազմակերպությունները և գյուղացիները, որոնք ունեին պայմանագրային իրավահարաբերություններ, կարող եմ նշել կոնյակի գործարանը, Նոյի կոմբինատը, Արարատի գործարանը, հիմնականում խնդիրներ չեղան։ Առաջացան խնդիրներ այն գյուղացիների մոտ, ովքեր չգիտեին՝ ում հանձնեին։ Հիմա սկսել ենք գործընթացը, որ այն վերամշակողներն, ովքեր գյուղացիների հետ չէին կնքում պայմանագրեր, սկսեն կնքել։ Նշեմ նաև, որ 11.000 տոննա խաղող արդեն արտահանվել է սեղանի սորտերից, սառնարաններում էլ կա բավականին պահեստավորված»,-պատասխանեց փոխնախարարը։ Պարոն Մակարյանը նաև կարևորում է իզոտոպային բանկի վարումը. «Դա անհրաժեշտ է, որպեսզի եթե մարդն արտադրում է հայկական կոնյակ, մենք իմանանք՝ այդ մարդը հումքը որտեղի՞ց է ստացել, և պատրաստի արտադրանքն արդյո՞ք պետք է կոչվի հայկական կոնյակ։ Իզոտոպային բանկի վարումն այդ նպատակն ունի, որ հասկանանք՝ այդ կոնյակի մեջ խաղո՞ղ է, թե՞ ոչ։ Մարդը կարող է սպիրտը գույն տա, տանի, բայց անունը չդնի հայկական։ Մեր առջև խնդիր է դրվում նաև հայկական կոնյակի վարկանիշը պահել, որովհետև ամեն դեղին բան կոնյակ չի»։