Ըստ փոխոստիկանապետի՝ «Ոչ»-ի համար էլ են արջի ծառայություն մատուցել (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ու դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունը ստացել է տարբեր բնույթի 452 հաղորդում։ Սակայն դրանցից միայն 97-ի մասով են նախապատրաստվում նյութեր, մնացածի դեպքում բացակայել է հանցակազմը: Հարուցվել է 17 քրեական գործ, կալանավորված է մեկ անձ: Կարո՞ղ են արդյոք այդ հաղորդումները կասկածի տակ դնել հանրաքվեի արդյունքները: «Չեն կարող կասկածի տակ դնել, որովհետեւ վերաբերում են սահմանափակ թվով ընտրատեղամասերում խախտումներին»,- հայտարարում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նշենք, որ հաղորդումներից 292ը Երեւանից էին, մարզերից՝ 160: Շիրակի մարզում գրանցվել է 56 բողոք, Լոռու մարզում՝ 36, Արմավիրի մարզում՝ 7, Արարատի մարզում՝ 9, Գեղարքունիքի մարզում՝ 5, Տավուշի մարզում՝ 1, Վայոց Ձորի մարզում՝ 4, Սյունիքի մարզում՝ 13, Կոտայքի մարզում՝ 22, Արագածոտնի մարզում՝ 7: ԶԼՄ-ներից ստացվել է 314 ահազանգ, ՀԿ-ներից, «ՈՉ»-ի անդամներից՝ 21, դիտորդներից 8, հանձնաժողովի անդամներից՝ 5, քաղաքացիներից՝ 62, կուսակցություններից՝ 23, ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից 19: ԶԼՄ ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերը 98-ն են, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ 160, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը՝ 43, նյութապես շահագրգռելը՝ 17 (ընտրակաշառք), քվեաթերթիկի դուրս հանում՝ 7, կնիքի պահպանման սահմանված կարգի խախտում, փաստաթղթի կորուստ՝ 6, խուլիգանական արարք, սպառնալիք, բռնություն, ծեծ՝ 16, ընտրացուցակների անճշտություն՝ 15, հանձնաժողովի անդամի կողմից ընտրախախտում կատարելը՝ 25, այլ ընտրախախտումներ՝ 65: Հանրաքվեից հետո իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, թե եղել են ընտրախախտումներ, քանի որ որոշ մարդիկ արջի ծառայություն են մատուցել: Ոստիկանությունը հայտարարում է՝ այդպիսիք իսկապես կան: Օրինակ «ոչ»-ի ճակատից ըստ նրանց Վարդգես Գասպարին և Հակոբ Նազարի-Դեխնավին են, սակայն «այո»-ի ճամբարից որևէ անուն չեն տալիս՝ պատճառաբանելով, թե նրանք հանրային լայն հնչեղություն չունեցող անձինք են: