«Դուք այստեղ ճղճղում եք, սակայն ձեր հետեւում հարյուր հոգի մարդ չունեք» (տեսանյութ)
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անվայել խոսքերով արտահայտվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթների վերաբերյալ. «Շատ կարճ անդրադառնամ որոշ շիզոֆրենիկ հայտարարություններին: Այս ամբիոնից քաղաքականությունից խոսում են այն մարդիկ, որոնք Ազատության հրապարակում հարյուր հոգուց ավելի չեն կարողանում հավաքել, որոնք տեղամասերում չեն կարողանում ապահովել իրենց թիմակիցների ներկայությունը, ասեմ ավելին՝ այլ կուսակցությունների նշաններով նստած այլ տեղամասերում իրենց քվոտաների հիման վրա մարդիկ նստած աշխատում էին եւ այսօր այս ամբիոնից վեր են կացել ու բարձրագոչ հայտարարություններ են անում: Դա ուղղակի ծիծաղալու է: Խնդրում եմ այս ամբիոնը չօգտագործել նման էժանագին PR անելու համար, քանի որ դա անլուրջ է»: Նա կոչ արեց Զարուհի Փոստանջյանին՝ այլեւս չտալ ԲՀԿ անունը եւ ավելի շատ մտածել իրենց մասին. «Ձեր հեղինակության, ձեր կուսակցության, ձեր խմբակցության, չգիտեմ արդեն այդտեղ ինչ է հավաքված, ձեր մասին: Սա ուղակի անդրադարձ, որ դուք իմանաք՝ որտեղ ինչ եք խոսում ու, ընդհանրապես, քաղաքականությունը ոչ թե բարձր գոռգոռալով ու ճղճղալով է, այլ բաներ ասելով է: Լուրջ քննադատեք, մենք էլ ձեզ լուրջ քննադատենք, մինչդեռ դուք ամեն անգամ վեր եք կենում, ամեն օրենք քննարկելիս միեւնույն բաներն եք ասում, իմաստը ո՞րն է: Թե՞ մտածում եք՝ մենք չենք կարողանում խոսել կամ գոռալ, կամ չենք կարողանում պատասխանել, ուղղակի ճիշտ չենք համարում ու չենք արձագանքում, քանի որ արձագանքելու ենթակա քննադատություն պետք է լինի: Էլի եմ ասում՝ դուք ձեր մասին մտածեք, որ դուք այստեղ ճղճղում եք, սակայն ձեր հետեւում հարյուր հոգի մարդ չունեք, է՞դ է ձեր վստահությունը, էդ են ձեր հեղափոխության կոչերը: Դուք արդեն տապալված, ֆիասկո ապրած քաղաքական ուժ եք: Շնորհավորում եմ ձեզ»: Վահան Բաբայանի ելույթը եւս որեւէ կապ չուներ քննարկվող թեմայի հետ եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նրան եւս դիմելով, ասաց. «Չեմ սովորեցնում, ուղղակի հիշեցնում եմ՝ Կանոնակարգի պահանջն է՝ գոնե մինիմում լինել բարեկիրթ, չվիրավորել որեւէ մեկին եւ մասնակցել կոնկրետ հարցի քննարկմանը՝ խոսելով կոնկրետ հարցից: Զգուշացնում եմ, որ օգտվելու եմ նիստը վարողի իմ իրավունքից, որպեսզի թույլ չտամ այս կարգի ու պահանջի խախտում»: Ի դեպ, ԱԺ նիստերին չեն մասնակցում ՀԱԿ 4 պատգամավոր, որոնք բոյկոտել են այս նստաշրջանի աշխատանքները: