«Ես ձեր խորհրդի կարիքը չունեմ». Փոստանջյանը՝ Նաղդալյանին
ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ հերթական անգամ վիճաբանություն տեղի ունեցավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Այս անգամ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը որոշեց հորդորել, խնդրել նրան՝ խոսել քննարկվող թեմայի շուրջ. «Ձեզ՝ որպես պատգամավորի, բարեկիրթ կնոջ, խնդրում եմ՝ չընկնենք անհաջող, տհաճ վիճակների մեջ: Խոսեք՝ հնարավորինս բարեկրթությունը պահպանելով եւ հնարավորինս Կանոնակարգը չխախտելով, որպեսզի ես ստիպված չլինեմ այլ միջոցների դիմել: Ես հուսով եմ որպես երկու կին՝ մեր աշխատանքներն այնպես կազմակերպենք, որ այդպիսի դիտարկային ներկայացումներ չլինեն»: Զարուհի Փոստանջյանը համբերատար լսեց, ապա պատասխանեց. «Չգիտեի, որ տիկին Նաղդալյանը նաեւ որպես ուսուցիչ տաղանդ ունի, դասեր է տալիս ինձ: Շնորհակալություն համենայնդեպս ձեր դասերի համար: Ես քաղաքական դպրոց անցել եմ շատ լավագույն դպրոցում, հետեւաբար ես ձեր խորհրդի կարիքը չունեմ»: Ապա տիկին Փոստանջյանը կրկին անդրադարձավ «Նոր Հայաստան-փրկության ճակատի» հիմնական կոչերին ու գործողություններին: Նրա ելույթը կրկին Հերմինե Նաղդալյանի սրտով չէր եւ նա արձագանքեց. «Մեր բնակչությունը եւս մեկ անգամ տեսնում ու համոզվում է, որ այս ընդդիմությունից իրեն բացի վնասից, օգուտ չկա՝ ինչ խորհուրդ էլ, որ տալիս է, սխալ ու վատ խորհուրդ է, դեպի վատը տանող, էլի ճանապարհին թողնող: Պարզ է ու հասկանալի, որ հրապարակներում ձեր ելույթները չեն ստացվում, ձեզ ականջալուր չեն լինում: Հիմա խմբակցությունում էլ մենումենակ եք մնացել, հիմա ձեզ մնացել է մեկ բան՝ այս ամբիոնը զավթեք ու սկսեք բոլորին աջ ու ձախ վիրավորել»: