Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասելիքս ինչ-որ մեկի հոգուն կպել է»

Հասարակություն
15

19-ամյա Անի Ամսեյանը սովորում է ԵԹԿՊԻ-ում: Նա Ազատ ստեղծագործողների մրցույթի առաջին տեղի մրցանակակիր է։ Մրցույթը հայտարարվել է «TV ալիք» շաբաթաթերթի և «Շավիղ+» երիտասարդական խմբագրության կողմից։ Անին ավելի շատ ինքն իրեն հասկանալու համար է գրում. «Մասնակցեցի մրցույթին, որովհետեւ ուզում էի ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր սիրում են գրականությունը, ուրախ եմ, որ գնահատվել է եւ ասելիքս ինչ-որ մեկի հոգուն կպել է, բայց ամենաշատն ուրախ եմ, որ տեսնում եմ իմ հասակակիցների մեջ այսքան երիտասարդներ, ովքեր սիրում են գրականությունը եւ փորձեր են անում գրականության մեջ լինելու»։ Մրցույթի նպատակն էր գրական դաշտ բերել 16-25 տարեկան այն երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր սիրում են գրականությունը եւ արժեւորում գրական խոսքը մեր օրերում։ Շավիղցիների ավագ սերնդից բաղկացած ժյուրին (Անի Մաղաքյան, Կարինե Պետրոսյան, Գոռ Արզումանյան, Սիրան Գրիգորյան, Սևակ Գևորգյան, Սոնա Ադամյան, Արաքս Մամուլյան, Զոհրաբ Հարոյան, Սյուզի Գրիգորյան, Անի Արշակյան) 2 շաբաթվա ընթացքում Ազատ ստեղծագործողների մրցույթի ֆեյսբուքյան էջին ստացավ 70 գրական գործ։ Երկար քննարկումների ու ընթերցումների արդյունքում ի վերջո ընտրվեց 10 գրական գործ, որոնցից՝ 4 մրցանակակիր՝ 1-ին մրցանակ - 30 000 դրամ, («Կարմիրի Կարոտով»-Անի Ամսեյան), 2-րդ մրցանակ - 25 000 դրամ, («Սիր»- Լուսինե Աթաբեկյան), 3-րդ մրցանակ - 10 000-ական դրամ, («Թեյը»-Միլենա Խաչիկյան եւ «Մանուշակագույն չորեքշաբթի»-Սամվել Կիրակոսյան, ով, ի դեպ, զինվորական ծառայության մեջ է)։ Ինչպես նաեւ 6 խրախուսական մրցանակ. Լյուսի Կարապետյան- «Կտուրից այն կողմ», Անի Խաչատրյան- «Նամսեկի` ապագայի ավետյաց երկիրը», Վարուժան Խոդաբաշխյան- «Խորանարդ», Ամալիկ Սողոմոնյան- «էտյուդ», Նարինե Վարդանյան- «Վերջին հեքիաթ», Նազիկ Գասպարյան- «Գիլասը հասել է»։ Թե մրցանակային եւ թե մրցույթին ներկայացված ուշագրավ գործերն առաջիկայում, որպես խրախուսանք, կտպագրվեն «TV ալիք» շաբաթաթերթի «Շավիղ+» գրական էջում: Ինչպես մրցանակաբաշխության օրը հայտարարեցին Ազատ ստեղծագործողների ժյուրիի անդամները` մրցույթը լինելու է շարունակական՝ գարնանը եւս կլինի մեկ գրական մրցույթ։ 5 4 3   2