«Վարդան, այս մարդկանց հարցերը լուծեք». բացահայտումներ՝ «Այո և Ոչ» ռեալիթի շոուից (տեսանյութ)
«Նոր սահմանադրության շուրջ գործընթացն արվեց հապշտապ, փնթի և անպատասխանատու ձևով։ Հուսով ենք, որ գոնե հետընտրական վիճակն այլ կլինի։ Բայց այն նախագիծը, որ մատուցվեց ժողովրդին, խոտան է»,-կարծում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Կոշտը նստել, քարի դարդն է լացում»,-ի պատասխան հնչեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը։ Նա շեշտեց, որ ընտրություն էր կատարվում ոչ թե նախագահական ու խորհրդարանական, այլ կիսանախագահական ու խորհրդարանական համակարգերի միջև։ Հիմա դուք ասում եք, որ Հանրապետականը գնա, տրաքվի։ Արեք, թողեք՝ մենք մեր դարդը թողնենք մեր մեջ»։ Պարոն Արշակյանը հիշեցրեց ՀՀԿ-ական պատգամավորին «Այո-Ոչ» ռեալիթի շոուից դրվագներ, որոնք դուրս են մնացել կադրից։ «Գյուղերում մարդիկ մոտենում էին պարոն Այվազյանին, ասում էին՝ մենք ձեզ տեսել ենք հեռուստատեսությամբ, ունենք այս, այս խնդիրները։ Վարդան Այվազյանն էլ վերցնում էր թուղթ ու մատիտ և այդ բոլորը գրանցում էր։ Ասում էր՝ ես կգնամ այնտեղ, որտեղ ինձնից ավելի ազդեցիկ մարդիկ կան, նրանց կդիմեմ, ձեր հարցերը կլուծեն։ Ես էլ համեստորեն ասում էի՝ սա ընտրակաշառք չեմ համարում։ Ես տեսնում էի և պարտակում էի։ Դա հանցագործություն է, չէ՞։ Ես դա պարտակել եմ, ասում էի՝ չեմ տեսել, Վարդան, այս մարդկանց հարցերը լուծեք»։ «Հավասար պատասխանատվության դաշտում ենք գտնվում»,-ժպիտով պատասխանեց պարոն Այվազյանը։ Նա ասաց, որ նոր սահմանադրությամբ հավասար պայմաններ են ստեղծում քաղաքական ուժերի համար. «Որ կուսակցությունն անցավ 3 տոկոսը, պետությունը նրան կաջակցի, բայց ով իր տանը մենակ ասում է՝ ես կուսակցություն եմ, ու ինքն ընտրության չի մասնակցում, ժողովրդի հետ չի շփվում, նրան մենք ի՞նչ աջակցենք։ Ի՞նչ անենք այդ կուսակցություններին. ուտե՞նք, ծախե՞նք, նվե՞ր տանք»։ «Մենք մեր օրենքը կառաջարկենք, բայց դուք դա մերժում եք»,-ասաց պարոն Արշակյանը։ «Ձեր օրենքը կարող է գրած լինի՝ կետ 1-ին. Հանրապետականն իրավունք չունի ընտրվելու, 2. Եթե իրավունք ունի ընտրվելու, նայեք կետ 1-ինը»,-եզրափակեց պարոն Այվազյանը։