Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքն է անձամբ որոշել աշխատանքից ազատվել. փոխտնօրենը՝ Կարպիս Փաշոյանի մասին

Հասարակություն
marine-nkar-2

Կողպեքով ամուր փակված ճաղավանդակներով դռնից ներս՝ մուտքն արգելվում է։ Լրագրողներին այդպես էլ թույլ չտվեցին մտնել Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոց՝ հանդիպելու դպրոցի տնօրենի հետ ու պարզելու պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանի հեռացման պատճառը։ Դպրոցի փոխտնօրենն, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Կարպիս Փաշոյանը ինքն է անձամբ որոշել աշխատանքից ազատվել. «Ինքն է դիմում գրել, իրեն ուղղակի ասվել է՝ եթե պիտի տենց անպարտաճանաչ աշխատես, երբ ուզես գնաս-գաս, ապա որոշի՝ տե՞նց պիտի շարունակվի, թե ոչ։ Ինքն էլ որոշեց ազատվել»։ Մեր այն հարցին, թե արդյոք քաղաքական հայացքների պատճառով չի՞ առաջացել խնդիրը, փոխտնօրենը պատասխանեց. «Վերջացրեք։ Չկա այդպիսի բան, մամուլով լուրեր են տարածվել, որ դրան ուղղակի քաղաքական աստառ տան»։ Ի դեպ, մեզ նույնիսկ թույլ չտվեցին տնօրենին սպասել դպրոցի ներսում։ Տեղեկացրին, որ դասալսման է ու չգիտեն, թե երբ կազատվի։ Դպրոցի ուսուցիչներից մեկը՝ խոսելով Կարպիս Փաշոյանի մասին, ասաց, որ լավ անձնավորություն է, բայց արդյոք պարտաճանաչ ուսուցիչ է եղել թե ոչ՝ չկարողացավ պատասխանել. «Այդ հարցերով խնդրում եմ ինձ մի դիմեք։ Ես համատեղության կարգով եմ աշխատում, շատ քիչ եմ լինում դպրոցում, տեղյակ չեմ հաճախությունների մասին։ Ուղղակի որպես գործընկեր գիտեմ»։ Այս ուսուցիչը եւս չկարողացավ ճաղավանդակներով դռնից ներս մտնել։ Մի քանի րոպե դռան առջեւ սպասելուց հետո՝ հեռացավ, ասելով, թե հետեւի մուտքից է մտնում. դասաժամ է։ Իսկ դասաժամն ավարտելուց հետո՝ դպրոցի ներսում գտնվող աշխատակիցները թույլ չէին տալիս երեխաներին դռան կողքով անցնել։ Հիշեցնենք՝ Կարպիս Փաշոյանը մոտ մեկ ու կես տարի դասավանդել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում։ Նրան աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ դեկտեմբերի վեցին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, պայքարել է ընտրակեղծիքների դեմ։ Կարպիս Փաշոյանը մոտ 4 տարի է, ինչ մասնակցում է քաղաքացիական պայքարներին։ Թեմային կանդրադառնանք նաև այլ հրապարակմամբ