Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ չենք կարող օգտվել ՌԴ անմաքս տարածքից. պատգամավորների մտահոգությունը (տեսանյութ)

Տնտեսություն
duty_free_moscow_nov10_01

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում սկսեց քննարկել ՀՀ նաեւ ցամաքային կետերում անմաքս տարածքներ՝ «դյութի ֆրի»-ներ բացելու հարցը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղելով Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքումյանին, հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԼՂՀ սահմանին եւս գործելու է այդպիսի ռեժիմ: Գարեգին Մելքումյանը պատասխանեց՝ ասելով. «Նուրբ պահ կա այստեղ՝ ԼՂՀ սահմանին մենք մաքսային ձեւակերպումներ չենք անում, որ մի հատ էլ անմաքս առեւտրի գոտի ստեղծենք»: Պատգամավորների գերակշիռ մասին մտահոգում էր այն հանգամանքը, որ ՌԴ օդանավակայաններում ՀՀ քաղաքացիները, ի տարբերություն ԵՏՄ այլ անդամ երկրների քաղաքացիների, չեն կարողանում օգտվել անմաքս տարածքների ապրանքներից: «Այս ի՞նչ խտրականություն է, ինչո՞ւ պետք է ԵՏՄ անդամ այլ երկրներ օգտվել ՌԴ անմաքս տարածքից, իսկ մենք՝ ոչ»,- իր մտահոգությունը հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Զարուհի Փոստանջյանին եւս մտահոգում էր այդ հարցը. «Ո՞րն է հիմքը, որ նման խտրական մոտեցում է ցուցաբերվում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որ չեն կարողանում այդ անմաքս ռեժիմից օգտվել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մեր արտաքին դիվանագիտությունը տեղում չէ: Ի վերջո, ո՞րն է պատճառը. շատ հեշտ լուծվող խնդիր է սա: Ակնհայտ է, որ սա հստակ ընդգծված քաղաքականություն է մեր դեմ ուղղված»: Նա նաեւ նշեց, որ ՌԴ արտահանված հայկական կոնյակը, որը չի վաճառվում եւ հետ է բերվում ՀՀ, սահմանին վճարվում է ԱԱՀ: Հարակից զեկուցող, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ ՀՀ նկատմամբ չկա հատուկ ընդգծված խտրական վերաբերմունք. «Խնդիրը մեզանում է, մեր տարածքում է: Մանավանդ, որ ես չեմ կարծում, որ այդ դյութի ֆրիներից գաբարիտնիյ մեծ ապրանքներ ենք ձեռք բերում, իսկ մյուս ապրանքները կարող են գնել նաեւ մինչ թռիչքը»: Զարուհի Փոստանջյանը կրկնեց իր հարցը. «Եթե հայկական կոնյակը չի վաճառվել ՌԴ-ում ու  ՀՀ սահմանին ԱԱՀ է գանձվում, ո՞վ է մեղավոր՝ ԵՏՄ-ն, թե՞ մեր իշխանությունները: Նաեւ ուզում եմ իմանալ՝ ունե՞նք հաշվարկ, թե ԵՏՄ-ն որքան վնաս տվեց մեր պետությանը, քանի որ անդամ պետությունները անկում ապրող տնտեսություններ են»: Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մենք արել ենք ճիշտ ընտրություն՝ միանալով ԵՏՄ-ին. «Իսկ թե ինչպես ենք համադրելու ԵՄ արժեքների հետ, մենք որոշակի կորուստներով որոշակի բան կհաջողենք: ԵՏՄ շնորհիվ մենք ունենք այժմ 183 մլն-ոց շուկա, իսկ ՌԴ նկատմամբ պատժամիջոցները հանգեցրին մի գործընթացի, երբ ռուբլին 83 տոկոսով անկում ապրեց, ինչպես նաեւ՝ նավթի գները, մինչդեռ ՌԴ հետ մենք ունենք 24.5 տոկոս առեւտրաշրջանառություն: Մենք չենք տուժել, ուղղակի համընկել է այդ դժվար փուլը»: Ինչ վերաբերում է կոնյակի խնդրին, ապա Միքայել Մելքումյանը նշեց՝ եթե կոնյակը արտահանելիս մնացել է որպես հայկական ընկերության սեփականություն, ապա որեւէ ԱԱՀ-ի խնդիր չկա, իսկ եթե փոխանցվել է մեկ ուրիշին ու հետ է բերվել ՀՀ, ապա ԱԱՀ պետք է մուծվի»: