Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ներդրումների նորմալ մթնոլորտ է պետք, որպեսզի փողը գա Հայաստան». պատգամավոր (տեսանյութ)

Տնտեսություն
Lyova-nkar

Գյուղատնտեսական տարին հաջող էր, սակայն գյուղացին իր առատ բերքն ամբողջությամբ չկարողացավ իրացնել, ինչը շատ տեղերում դժգոհության տեղիք տվեց։ Այս ու գյուղատնտեսության ոլորտում առկա այլ խնդիրների լուծման նպատակով Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է մի կառույց հիմնել, որը կզբաղվի այդ խնդիրներով։ «Հիմա դրա կարիքը կա, որ պետության և գյուղացու միջև կապ ստեղծվի»,-նշեց նա։ Ըստ պարոն Սաֆարյանի՝ պետք է նաև նոր տնտեսական քաղաքականություն մշակվի, որպեսզի գյուղացին՝ մեծ ծավալի բերքով հանդերձ ոչ թե տուժի, այլ կարողանա դա իրացնել և շահույթ ստանալ։ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի գնահատմամբ՝ չենք կարողանում մտնել այն շուկաներ, որոնք մեզ նվիրում են։ «Շուկան կա, բայց մենք դրան պատրաստ չենք. չկան շուկայական հարաբերություններ։ Այսօր 5 մլրդ դոլարից անցել է մեր արտաքին պարտքը, ո՞ւր են գնում այդ փողերը։ Տվեք այդ փողից գյուղացուն։ Պարտքերը վերցնում ենք, բայց չունենք նոր արտադրություն, չունենք նոր աշխատատեղ»։ Ըստ պարոն Խաչատրյանի՝ գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու հնարավորություն ունենք, սակայն պատշաճ ներդրումներ են անհրաժեշտ։ «Ներդրումների նորմալ մթնոլորտ է պետք, որպեսզի փողը գա Հայաստան։ Բոլոր երկրներում գյուղատնտեսությունը դոտացիոն սկզբունքով է, իսկ մեր երկրում նման բան չկա։ 28.000 տոննա թռչնամիս ենք ներկրել, բայց մենք եղել ենք թռչնամիս արտահանող երկիր։ Գազի գինն ընկել է, սակայն 10 տարի է՝ 6000 դրամով են գյուղացուն պարարտանյութ տալիս»,-շեշտեց պատգամավորը։ Բացի այդ, նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ 40 տոկոսով նվազել է գինու և կոնյակի արտահանումը. «Եթե այդ պաշարները չդատարկվեն, եկող տարի կառավարությունը եթե ցանկանա էլ, չի կարող պարտադրել խաղող մթերել։ Եթե բերքը եղավ, այն մնալու է գետնին»,-ասաց պարոն Խաչատրյանը։