«Եթե տուժող լրագրողն իրենց ճամբարից չէ, գործընկերները մատների արանքով են նայում»
Պետք է անհանգիստ կյանքով ապրի լրագրողի իրավունքները ոտնահարած մարդը։ Պետք է անընդհատ բացատրություններ տա։ Եթե այդպես չլինի, էլ ավելի կլկտիանան այդ մարդիկ։ Խոսելով լրագրողների նկատմամբ բռնության դեպքերից՝ մեզ հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը. «Սկուտեղի վրա ոչ մեկը խոսքի ազատություն չի տալիս։ Լրագրողները պետք է պայքարեն իրենց իրավունքների համար»։ Նման դեպքերի ժամանակ կարեւոր է համարում լրագրողական համերաշխությունը, որը, սակայն, մեր երկրում գոյություն չունի. «Մեզանում լրագրողները բաժանված են քաղաքական ճամբարների։ Եթե տուժող լրագրողը իրենց ճամբարից չէ, ապա մատների արանքով են նայում, գուցե՝ չարախնդում։ Բայց հունիսի 23-ի դեպքերը ցույց տվեցին, որ այդ չարիքը գալիս է ցանկացած լրագրողին եւ այնպես ստացվեց, որ իշխանամետ, ընդդիմադիր լրագրողներ տուժեցին։ Լրագրողական համերաշխությունը կարևոր է, եթե կայանում է ու աշխատում։ Բայց քանի որ մեզ մոտ այն չկա, լրագրողներին պաշտպանելու ֆունկցիան լրագրողական կազմակերպություններն են իրենց վրա վերցնում. դրանք որեւէ ճամբարի չեն հարում ու իրավապաշտպան գործունեություն են ծավալում»։ Աշոտ Մելիքյանը նշում է նաեւ, որ լրագրողի գործունեության խոչընդոտման դեպքերը մեր մեդիայում առաջնահերթ չեն համարվում. «Զարգացած, կայացած երկրներում այս դեպքերը թիվ մեկ լուրն են՝ սենսացիոն, սկանդալային եւ հետաքրքիր, մարդկային հետաքրքրություն առաջացնող պատմություն է։ Իսկ այստեղ համարում են, որ դա մերը չէ, չինովնիկն է մերը»։