Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկն Ազատության հրապարակում է փնտրում արդարություն (տեսանյութ)

Քաղաքականություն
azatamartik

«Նոր Հայաստան» ճակատը վերջապես իրագործեց իր նպատակներից մեկը: Ոստիկանությունը ոչ մի գործողություն չիրականացրեց, երբ Ազատության հրապարակում հայտնվեցին հարյուրից ավելի վրաններ։ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները փողոց են դուրս բերել հայաստանցիներին։ 74-ամյա Սեդա Հովհաննիսյանը մեկն է նրանցից, որը մասնակցում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի հավաք-երթին։ «Եկել եմ պայքարելու իմ ձայնի համար, իմ «Ոչ»-ի համար եմ եկել ստեղ, պայքարում եմ հանուն իմ հողնի, իմ ջրի, իմ հարգանքի»,- ասում է նա: Քաղաքացի Դերենիկ Թադևոսյանը նշում է ՝ 20 տարի շարունակ պայքարել է, սակայն հաղթանակին ինչ -որ բան միշտ խանգարել է: Հիմա արդեն ակնկալիք չունի: «Կասկածում եմ, մարտի 1-ի կատարող մարդը դեռ պահպանվում է, նա ցանկացած ժամանակ կարող է նորից հրաման տալ և զինվորականներին հանել- բերել այստեղ ու ճնշում կատարել»: Ազատամարտիկ Գարո Խաչատրյանը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին՝ արդարության հաստատման ու ընտանիքի վերամիավորման հույսով: Սոցիալական ծանր պայմանների պատճառով ընտանիքն արտագաղթել է։ «Հիմա, երբ այս «Այո»-ն անցավ, ժողովրդի տունը քանդվեց. այն ժամանակ չորս ավտոբուս էր օրական փախել երկրից, հիմա տասը ավտոբուս կփախչի»: «Վախը ներքին թշնամի է: Քանի դեռ չես սպանել այդ թշնամուն, արտաքին թշնամիների դեմ կռվելն ուղղակի անհնար է», նժդեհյան այս միտքը հիշելով հրապարակում հավաքված քաղաքացիներին է դիմում ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: «Ումից վախենալ և ինչի» համար, պիտի իրենք վախենան մեզանից, որ կողոպտել են, հարստահարել են, կեղծել են, պղծել են, թալանել, ավիրել են մեր երկիրը: Մարդը հանցանք չի գործել, բայց հանցանքների մեջ թաղվածներից վախենում է»: Այն ժամին, երբ «Նոր Հայաստանը» բողոքում էր սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծիքների համար, Երեւանում երթ էր հրավիրել նաեւ ՀՅԴ-ն։ Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ նրանց երթը, սակայն, տոնական էր։ Նրանք գնում էին Օպերա՝ մասնակցելու կուսակցության 125 ամյակի առիթով հանդիսությանը։ Երթը նախատեսվածից ավելի ուշ սկսվեց, որպեսզի ՀՅԴ-ականները չհանդիպեն բողոքող քաղաքացիներին։ «Նոր Հայաստանի» երթը դեպի ԿԸՀ մեկնարկել էր, երբ ՀՅԴ-ականները մտան հրապարակ։