Վալերի Օսիպյանը չթողեց մոտենալ ԿԸՀ շենքին. երթն ավարտվեց (տեսանյութ)
«Մահ ռեժիմին» և այլ վանկարկումներով հարյուրավոր քաղաքացիներ մասնակցում էին «Նոր Հայաստան» փրկության ճակատի երթին։ Նրանք հասան մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածք, որի մուտքն արդեն մի քանի օր է՝ շրջապատված է ոստիկանական ուժերով։ Այսօր էլ նրանց դիմաց կանգնած էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանը բարձրախոսով դիմեց պարոն Օսիպյանին՝ խնդրելով ճանապարհ բացել դեպի ԿԸՀ շենք, շեշտելով՝ հավաքը խաղաղ է։ «Ոստիկանությունը չի կարող թույլատրել ԿԸՀ շենքի դիմաց անցնեք, բավարարվեք նրանով, որ այստեղ կանգնած եք։ Ոստիկանությունն առաջնորդվում է օրենքներով և սահմանադրությամբ։ Դուք այս օրերի ընթացքում խախտել եք օրենքները»,-նշեց փոխոստիկանապետը։ «Այստեղ կանգնած է 1000-ից ավելի քաղաքացի։ Իրե՞նց կողմից է խախտվել, անհիմն է ձեր պնդումը»,-պատասխանեց Անդրիաս Ղուկասյանը։ Ներկաներն էլ սկսեցին բղավել «Ամոթ»՝ ուղղված ԿԸՀ նախագահին։ Նրանք բախման չգնացին ոստիկանության հետ եւ վերադարձան Ազատության հրապարակ,որտեղ շարունակվում է շուրջօրյա նստացույցը։