Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանկերը, որ Ադրբեջանը ձեռք էր բերել ՌԴ-ից, մի օր սկսելու էին կրակել (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Tevan-Poxosyan

«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների և Ադրբեջանի ներքաղաքական ու ներտնտեսական խնդիրների համատեքստում»: Սա ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքն է Ադրբեջանի կողմից երեկ արձակված կրակոցների մասին: Նշենք, որ համաձայն ՊՆ հայտարարության՝ Ադրբեջանը երեկ կրակել է տանկերով: Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հասկանալի է, որ այն տանկերը, որոնք Ադրբեջանը ձեռք էր բերել Ռուսաստանից, մի օր սկսելու էին կրակել: «Բնականաբար, Ռուսաստանն էլ պետք է հասկանար, թե իրենք ինչին են նպաստել»,- ասաց Թևան Պողոսյանը: Վերջինս Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացումը պայմանավորում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումով: «Պետք է շատ լավ հասկանանք, որ մինչև հանդիպումն ունենալու ենք սրացումներ: Չեմ զարմանա, որ նաև հենց հանդիպման օրն էլ սրացումները կշարունակվեն,իսկ դրանից հետո իրավիճակը կախված կլինի, թե զինադադարի մեխանիզմների համար ինչպիսի պայմանավորվածություններ կլինեն: Ասում եմ զինադադարի, քանի որ չեմ հավատում, որ բանակցությունները ընթանալու են խնդրի կարգավորման մասին»,-շեշտում է պարոն Պողոսյանը: «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք իրավիճակի ապակայունացումը միտված չէ նախագահների կայանալիք հանդիպումը չեղարկելուն,պարոն Պողոսյանը պատասխանեց. «Իհարկե, դա միշտ էլ այդպես է լինում: Ադրբեջանը փորձում է ձևավորել մի իրավիճակ, որտեղ ասում է, որ եթե դուք իմ շահերը չբավարարեք, իմ խնդիրներին լուծում չտաք, ապա ես միայնակ կարող եմ այսպիսի լարվածություն ստեղծել և բոլորիդ համար գլխացավանք դառնալ, հայկական կողմին էլ փորձել վախեցնել: Բնականաբար, հայկական կողմն էլ պետք է կարողանա ամեն ինչ զսպել այն մակարդակի վրա,որ բանակցությունների մտնելուց առաջ, եթե Ադրբեջանը ասի , որ ինքն ամեն ինչ կլուծի ռազմական ճանապարհով, ապա այնտեղ բոլորը ժպտան և ասեն՝ տեսնում ենք , թե ինչպես ես դու կարողանում որևէ հարց լուծել ռազմական ձևերով: Սա հայկական կողմը միշտ էլ շատ լավ արել է»: