«Գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին. նրանք մանկական դեղ են կեղծում» (տեսանյութ)
«Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային միանալը թույլ կտա ավելի մեծ տեղեկատվություն ստանալ այն ընկերությունների մասին, որոնք արտերկրում կեղծ դեղորայքի արտադրությամբ են զբաղվում և կանխարգելիչ մեծ ազդեցություն կունենա: Այս համոզմունքը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Այսօր նա ԱԺ-ում Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով Թևան Պողոսյանի հարցին, թե որքան կեղծ դեղեր են ներմուծվել Հայաստան, ասաց. « 2013-2014 թվականների տվյալներով՝ 151 վարչական վարույթ է հարուցվել դեղերի գրանցման-չգրանցման և կեղծ դեղերի հետ կապված, հայտնաբերվել է 170 անվանում չգրանցված դեղ, ինչը շրջանառության խախտում է, և եղել է 1 անվանում կեղծ դեղի հայտնաբերում, որի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»: ԲՀԿ- ական Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնում է դեղ ներկրող «մաֆյոզների» մասին ու հարցնում, թե ի՞նչ երաշխիք կա, որ կոնվենցիային միանալով, նրանք կսկսեն պատժվել. «Մենք անուն առ անուն գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին, բոլոր հանցագործներին, որոնք վաղուց պետք է նստած լինեին, որովհետև նրանք մանկական սնունդ են կեղծում, նրանք մանկական դեղ են կեղծում, ներկրում են կեղծ դեղեր, որտեղ ազդող կոմպոնենտը կամ ընդհանրապես չկա, կամ հակառակ ազդեցություն է ունենում»։ Փոխնախարարը պատասխանեց. «Բարդ խնդիր է, միայն առողջապահության ոլորտի դաշտում չի, վերաբերում է սահմանային հսկողությանը, հարկային դաշտին, գների կարգավորման դաշտին և խնդիրների կոմպլեքս լուծում է անհրաժեշտ: Իրականում ամենօրյա աշխատանք է տարվում կեղծ դեղերի հայտնաբերման, դրանց շրջանառությունից դուրս բերման և բնակչությանը վնաս չպատճառելու գործընթացում»: