ՀԱԿ անդամը պնդում է՝ «Ոչ»-ի 200 քվեաթերթիկ գողացել են (տեսանյութ)
Թիվ 8/25 ընտրատեղամասում մարված քվեաթերթիկների թիվը չի համապատասխանում արձանագրության մեջ նշվածին: «Չեն ուզում արձանագրել, որ մարված քվեաթերթիկների հաշվարկից հետո թիվը պակասեց երկուսով, արձանագրության մեջ 1079 էր, բայց մենք հաշվեցինք 1077»,- այսօր հայտարարեց Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանը: Թիվ 8 ԸԸՀ նախագահ Օլեգ Գրիգորյանը պնդում է, որ հանձնաժողովի անդամների հաշվարկով թիվը համապատասխանում է արձանագրության մեջ գրված թվին: Թիվ 8/25 ընտրատեղամասի վերահաշվարկից հետո «Ոչ»-երի թիվն ավելացավ մեկով՝ 306-ից դառնալով 307: ՀԱԿ-ը նաեւ պահանջում էր անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է՝ մի քանի ձայնի փոփոխությունը պատճառ չէ։ «Դիմումատուն խոստացել է, որպեսզի լրացուցիչ փաստեր ներկայացնի ընտրատարածք՝ անվավեր ճանաչելու համար: Մենք սպասում ենք դիմումատուի լրացուցիչ փաստերին», - նշեց Օլեգ Գրիգորյանը: Իսկ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրած Նվարդ Իրացյանն ավելացնում է. «Բոլոր փաստերը գտնվում են քննչական կոմիտեում: Շատ խախտումներ են տեղի ունեցել: Եղել են բաց քվեարկության դեպքեր, որոնք քվեաթերթիկը դրսում դրել են ծրարի մեջ, 4 անգամ գրանցվել է կրկնաքվեարկություն»: Բայց անվավեր կճանաչվե՞ն արդյոք արդյունքները, պարզ կդառնա վաղը: Իսկ Հայ ազգային կոնգրեսը այլեւս ակնկալիքներ չունի վերահաշվարկներից: «Գիշերները նրանք բացում են, աշխատում են: Ինձ մի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ ասեց մի չարչարվեք, մեկ է մի հատ էլ նմանատիպ ամբողջ քվեաթերթիկների նույն համարով տպած ունենք, ինչ տիպի փոփոխություն ուզենք, կանենք»,- ասաց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Բագրատ Անդրեասյանը: Իսկ 7/04 ընտրատեղամասում վերահաշվարկից հետո մեկ ձայնով պակասեց «Ոչ»երի թիվը՝ դառնալով 206, իսկ «Այո»-ներինը ավելացան 18-ով: Վերահաշվարկը պահանջել էր ՀԱԿ-ը: 7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ալիկ Ավագյանը զարմացած չէ։ «Տեսան, որ խայտառակ վիճակ է, երկուսուկես անգամ պարտվում են իրենք, իշխանությունները ստիպված գնացին այլ քայլերի, խառնաշփոթ ստեղծեցին, երկու հարյուր հատ «Ոչ»-ի քվեաթերթիկները գողացան, փոխարենը 200 հատ «Այո»-ի քվեաթերթիկներ լցրեցին»: Վերահաշվարկը կշարունակվի նաեւ վաղը: