Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օրն է
2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել այդ միջազգային օրը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար: Դեկտեմբերի 9-ը հիշատակում է 1948 թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման օրը: Այս միջազգային օրվա առաջին հիշատակումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի համատեղ ջանքերով: Կից կարող եք գտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկլեզու ուղերձը օրվա կապակցությամբ. ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Նյու Յորք, դեկտեմբերի 9, 2015թ. Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ: Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների և փոխհատուցման իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի: Ցեղասպանության կանխարգելումը ենթադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին և պատրաստ լինել անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար: Սա է իմ` «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակը: Ի վերջո, ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Դա հակամարտության դիպվածային հետևանք չէ, այլ շատ հաճախ համակարգված, ծրագրավորված, հստակորեն թիրախավորված մի երևույթ, որ կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն հակամարտության պայմաններում: Այսօր ամբողջ աշխարհում անհանդուրժողականությունն ու այլատյացությունը վերընթաց աճ են ապրում: Այս վտանգավոր «մենք ընդդեմ նրանց» երևույթի դինամիկան հաճախ չարաշահվում է` արդարացնելու ինքնության տարբեր ձևերի, այդ թվում կրոնի, ազգային պատկանելության կամ այլ ձևերի հիման վրա իրականացվող համայնքների բացառումը և մերժելու աջակցությունը, սահմանափակելու մարդու իրավունքներն ու իրագործելու բռնության դաժան գործողություններ: Ցեղասպանության կանխարգելումը միջազգային իրավունքով սահմանված յուրօրինակ պարտավորություն է: Սա հստակորեն սահմանվել է Արդարադատության միջազգային դատարանի ու այլ դատական մարմինների կողմից: Կառավարությունները պետք է գործեն ելնելով այս հրամայականից` իրենց ներդրումն ունենալով կանխարգելման ու կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման ոլորտում: Միջազգային այս նոր հիշարժան օրվա առթիվ եկե՛ք գիտակցենք առավել միահամուռ աշխատելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելով անհատներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներից և սատար կանգնելով համայն մարդկությանը: