2016թ. պետական բյուջեն ընդունվեց. ով էր դեմ (տեսանյութ)
97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր ընդունեց 2016թ. պետական բյուջեի լրամշակված եւ փոփոխված նախագիծը: Դեմ էին ՕԵԿ-ը, «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Մինչ քվեարկությունը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ բավականին համեստ բյուջե է. «Վստահ եմ, որ կլինեն հերոսաբար դեմ եւ կողմ քվեարկողներ: Մենք չենք մասնակցելու քվեարկությանը»: Քվեարկությանը չմասնակցեց նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: ԲՀԿ գերակշիռ պատգամավորների եւ ՀՀԿ-ի հետ միասին կողմ քվեարկեց նաեւ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, ի հեճուկս ՀՅԴ-ի, հայտարարեց. «Այստեղ հերոսության դրսեւորման շքահանդես չկա, մենք սթափ ու պրագմատիկ կողմ ենք»: Ձեռնպահ քվեարկեցին ԲՀԿ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը: Քվեարկությունից հետո հնչեցին ծափեր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին: Ապա՝ կառավարությունն ու պատգամավորների զգալի մասն արագորեն լքեցին ԱԺ դահլիճը: Ի դեպ, ՀԱԿ չորս պատգամավոր՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Ստեփան Դեմիրճյանը բոյկոտել են այս նստաշրջանի աշխատանքները եւ չեն մասնակցում նիստերին: