Հանձնաժողովի անդամին ծեծել են «Այո»-ների մեջ «Ոչ» հայտնաբերելու համար (տեսանյութ)
Դավիթաշեն գյուղում տեղակայված 5/01 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Հրայր Մանուկյանը ծեծի է ենթարկվել քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ: «Երբ արդեն մեծ մասը քվեաթերթիկների հաշվարկվել էին, ես «Այո»-ի տրցակը վերցրեցի, առաջին 5-7 քվեաթերթիկի մեջ 3-4 հատ «Ոչ» հայտնաբերեցի, բնականաբար, վերցրեցի և ասեցի, որ դրանք «Ոչ»-ի վրա պետք է դրվի: Հետևից ինձ մոտեցան 3 երիտասարդներ քաշքշեցին, նստած տեղիցս հանեցին ու փորձեցին հեռախոսս խլել։ Երբ որ 2-րդ անգամ խփեցին քթիցս սկսեց արյուն հոսել»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց Հրայր Մանուկյանը։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների 5 / 01 տեղամասում «Այո»-ն գերակշռող է եղել 439 ձայնով։ «Այն, որ «Ոչ»-ի ձայները վերցնում դնում էին «Այո»-ի ձայների վրա, դա հսկայական նշանակություն ունի տեղամասի իրական արդյունքների վրա»,-շեշտեց Հրայր Մանուկյանը։ Արաբկիր համայնքի 4/12 տեղամասում «Ժառանգության» ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Անահիտ Հովհաննիսյանին ՀՀԿ անդամը թույլ չի տվել մոտենալ ոչ գրառումների մատյանին, ոչ էլ մասնակցել հաշվարկի գործընթացին։ «Ինքս հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու ոչ մի բանի, թույլ չի տվել հանձնաժողովի նախագահը,ինքն է հաշվարկը արել, ինքն է վերջում քվեաթերթիկները հաշվել։ Վերջում երբ որ պետք է արդեն մենք հաշվեինք ես և ՀԱԿ-ի ներկայացուցիչը պահանջեցինք դա, ինքն անմիջապես դրեց ծրարների մեջ ու զմռսեց։ Հետագայում նորից պահանջեցինք նա չբացեց»,- ներկայացրեց Անահիտ Հովհաննիսյանը։ Վերջինիս խոսքերով ՝ նիստի ընթացքում մեկական ժամով 5 անգամ ընդմիջման գնացած հանձնաժողովի նախագահը արդյունքում արձանագրել է այլ տվյալներ։ Արաբկիրի 4/20 տեղամասում «Ոչ»-ը հաղթել է՝ 435քվեաթերթիկ, «Այո»-ն՝ 161, անվավեր՝ 43, ընտրություններին մասնակցել էր 639 մարդ։ ՀԱԿ-ի վստահված անձ Անի Թովմասյանը նշում է, որ առաջին արձանագրությունը ճիշտ է կազմվել, սակայն ամեն ինչ փոխվել է , երբ հանձնաժողովի նախագահը գնացել է ընդմիջման։ «Գնաց ջուր խմելու ու էդ ջուր խմելը տևեց մոտ 50 րոպե, չէինք կարողանում իր հետ կապվել, հեռախոսին չէր պատասխանում։ Իրենց կեղծած արձանագրության հիման վրա ընտրությանը մասնակցել էր 1142 անձ , «Այո»-ն ստացել էր 977 ձայն, «Ոչ»-ը դարձել էր 122, անվավերին ձեռք չէին տվել։ Դա տեսնելուց հետո մեր հանձնաժողովի անդամը հրաժարվեց ստորագրել արձանագրությունը»,-տեղեկացրեց Անի Թովմասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում