Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը նորից գնաց ԵՄ-ի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-45

Հայաստանը երկրորդ անգամ կփորձի մոտենալ Եվրամիությանը: Դեկտեմբերի 7-ի երեկոյան Բրյուսելում հայ և եվրոպացի պաշտոնյաներն ազդարարեցին իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ «Հայաստանը կընդլայնի արդեն գոյություն ունեցող համագործակցության եզրերը և հնարավորություն կունենա նաև համագործակցել այն ոլորտներում որտեղ մինչև այդ ինստիտուցիոնալ չի համագործակցել»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի ելույթում որոշակի զսպվածություն է նկատել: Վերջինս  խոսում էր համագործակցության հնարավոր շրջանակների մասին։ «Այն իրավիճակը, որտեղ սկսվում են Հայաստան- ԵՄ բանակցությունները, բավականին զգուշավորություն է պահանջում. մեր շուրջ օրեցօր փոխվում է աշխարհը և չգիտենք, թե բանակցությունների ավարտին ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում կլինի Հայաստանը և աշխարհը»,- կարծում է պարոն Ղազինյանը: Ի տարբերություն 2013 թվականի, երբ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը հրաժարվեց նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը, այս անգամ այդ երկիրն ավելի հանգիստ է տրամադրված: «Ներկայումս մենք ունենք որոշակի պարտավորություններ՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության արդյունքում, և այդ պարտավորություններով Ռուսաստանը մեծապես բավարարված է»: Նոր Սահմանադրությունը ենթադրում է փոփոխություններ գործող օրենքներում, մինչդեռ վերջին տարիներին մեր երկիրը ԵՄ հետ բանակցել է հիմնվելով դրանց վրա: Արթուր Ղազինյանի համոզմամբ՝ Հայաստանը որևէ խնդիր չի ունենա: «ԵՄ-ն մեզ հետ նույնպես կաշխատի, որպեսզի մենք ունենանք բարձր որակի օրենսդրություն, այլ հարց է, թե այդ օրենսդրությունը ինչ որակով և էֆեկտիվությամբ կիրականացնենք»: Ըստ նրա՝ Հայաստանն  այլընտրանք չունի, քան Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ իրական բարեփոխումներ անցկացնել: