Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետում անզորությանն ու հիասթափությանը (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեից հետո հանրության մեծամասնությունը կրկին հիասթափություն է ապրում լուծումների հասկանալի բանաձեւ չգտնելով, իսկ ինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից մարտահրավեր է նետում անզորության եւ հիասթափության զգացողությանը: «Պետք է գիտակցենք, որ այսօրվա իրականությունը ուժերի որոշակի արտահայտություն է, երբ Հանրապետական կուսակցությունն իր շուրջ համախմբելով վարչական, ֆինանսական եւ նույնիսկ կրիմինալ ռեսուրսը, հսկողության տակ է առել ողջ իշխանությունը, մենք գործ ունենք մի իրողության հետ, երբ կազմակերպված փոքրամասնությունը իր կամքն է թելադրում քաղաքացիների մեծամասնությանը՝ օգտվելով միայն նրանից, որ մեծամասնությունը կազմակերպված չէ, չունի իր տրամադրություններն արտահայտող քաղաքական կառույց եւ համակարգ»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ առաջինը պետք է փոխել ուժերի համամասնությունը եւ ստեղծել քաղաքական ընդդիմություն, իսկ ծրագրի իրականացումը ենթադրում է երեք քաղաքական բաղադրիչ՝առաջինը 6000 գործունակ մարդկանց վստահված ինստիտուտ, որը ի վիճակի լինի հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու քվեն, երկրորդ՝ Հայաստանն անցնցում կառավարելու ընդունակ քաղաքական թիմ եւ Հայաստանը ստեղծված ծանր քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակից հանելու ծրագիր: Նրա խոսքերով՝ միայն այսպիսի համակարգի ստեղծումը կարող է Հայաստանում իշխանափախություն իրականացնելու հնարավորություն տալ: ԱԺ պատգամավորը կոչ արեց բոլորին աջակցել իրենց այս ծրագիրը կյանքի կոչելու համար: