Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնաթող գեներալին չես համոզի, որ կեղծիքների հարյուրավոր տեսագրություններ կան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj10

Հանրապետականի շտաբն անձամբ է կազմակերպել, որ հանրաքվեն անցնի թափանցիկ. Վարչապետն է ասում: Պրոբլեմներն էլ, ըստ վարչապետի, առանձնապես ստուգված փաստեր չեն: Կստուգենք, եթե հաստատվի, կպատժենք,-ասում է նա: Սակայն կոպիտ խախտումների տեսագրություններ կան: Այստեղ էլ ընտրությունների հին մասնագետին չես խաբի. «Դրանք տարածել են շահագրգիռ մարդիկ, ովքեր որ ուզում են սեւացնեն, ստվերեն ընտրությունների արդյունքները եւ դա որեւէ հիմք չի։ Ես կարծում եմ, որ դրանք մոնտաժված են»: ՀՀԿ խմբակցության անդամ Սեդրակ Սարոյանը նույնիսկ չի էլ լսել ընտրակեղծիքների մասին: Էջմիածնում քվեարկությունն, իր բառերով շատ լավ ա եղել. «Ախպեր ջան, ես որ իմ աչքով չեմ տեսել, ամեն մարդ ամբախ-զամբախ խոսում ա»: Պաշտոնաթող գեներալին չես համոզի, որ կեղծիքների հարյուրավոր տեսագրություններ կան, որ նույնիսկ բռնություններն են արձանագրված, որ եվրոպացի դիտորդներն են նույնիսկ դրանք արձանագրել. «Եվրոպացիք շատ բան կարող ա ասեն»: Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը չի ասի, որ խախտումներ չեն եղել, բայց չի ասի, որ դրանք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա. «Տոկոսային տարբերությունը չափից դուրս մեծ է»: Տիկին Սարգսյանը սպասում է, որպեսզի տեսնի, թե ընդդիմությունն ինչքան արձանագրություն կհավաքի, որպեսզի ապացուցի կեղծիքները: Ինքը՝ պատգամավորն, ունի՞ ներքին համոզմունք, որ հանրաքվեն կեղծվել է զանգվածաբար. «Ես ուզում եմ փաստարկված լինել»: Հանրապետականը մտադիր չէր կեղծել, կեղծողներն, ըստ խորհրդարանի ղեկավարի, արջի ծառայություն են մատուցել. «Սա մեր քաղաքական ուժերի համահավաք, էսպես սկզբունքների հետեւանքով կազմակերպված ընտրություն էր»: Սակայն հանրաքվեի վերջնական արդյունքները դեռ հրապարակված չեն, իսկ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարում է, որ Հայաստանն ընտրել է խորհրդարանական կառավարման համակարգ: Ինչպե՞ս սա հասկանալ. «Այն արդյունքները, որ կան, ԿԸՀ-ն, որ հայտարարել է, եւ այն դիմումները, որ կան չհամաձայնելու արդյունքները, շատ փոքր չնչին թվեր են եւ դա չի կարող արդյունքի վրա ունենալ որեւէ ազդեցություն»,- ասում է վարչապետը: