«Քաղաքացի՛, ծաղրիր այս իշխանությանը». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2015թ.-ի դեկտեմբերի 8-ի նիստում Քաղաքացի՛, դու քվեարկեցիր ռեժիմին անհնազանդություն հայտնելու քո դիրքորոշումը: Հիմա հասունացել է պահը` ապացուցելու, որ դու նաև զորեղ ես, Դու ես Հայաստանի Հանրապետության իշխանության աղբյուրը, Դու ես իշխանություն կրողը և իշխանություն բանեցնողը: Հանցավոր ռեժիմը տապալելու` նրան մահ պատճառելու համար դու կարող ես դրսևորել խաղաղ անհնազանդություն, որը ճանապարհ է դեպի քեզ պատկանող իշխանությունը: ԳՐԱՎԻ՛Ր ՔԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ · Դու՛րս արի ՓՈՂՈՑ: · Ստեղծի՛ր Ազատության հրապարակներ քո բնակավայրում և այդտեղ արտահայտի քո վերաբերմունքը առկա հանցավոր ռեժիմին: · Ընդվզի՛ր ապօրինի գործողությունների դեմ: · Ծաղրի՛ր քո վրա փաթաթված hանցավոր օրենքները և դրանք կիրառող անձանց: · Բեմադրի՛ր թատրոններ` ծաղրիր քեզ ցավ պատճառողին: · Բազմամարդ հանրային վայրերում անցկացրու՛ փոքր բողոքի երթեր` ցուցադրիր քո վերաբերմունքը ռեժիմին: · Անցկացրու՛ քաղաքական սուգ` հոգեհանգիստ, թաղում: Այդ ծեսի միջոցով ազատվիր հանցավոր ռեժիմի անցանկալի անձանցից: · Կազմակերպի՛ր բանկերին բոյկոտ` պայմանագրերի խզում, պահանջի պարտքի սառեցում, պայմանագրային պարտավորությունների վերակազմում: · Հրաժարվի՛ր կարմիր գծերի և արագաչափերի տուգանքների վճարումից: · Վերցրու՛ քո գյուղի, քաղաքի և համայնքի վերահսկողությունը` ստեղծի՛ր ինքնակառավարման օղակներ: · Երիտասարդ աղջիկներ և տղաներ, ձեր ստեղծագործ մտքով առաջնորդե՛ք ձեր համայնքները` գրավե՛ք հարթակները, դարձե՛ք առաջնորդներ: · Կանայք` ստանձնե՛ք քաղաքական պատասխանատվությունը, ձեր ձեռքը վերցրե՛ք քաղաքական գործընթացների ուղղորդումը: Ոչ ոք չի կարող անմասն մնալ հանցավոր ռեժիմի տապալման հարցում, մեզանից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը կատարելու բաժինը: Ես չեմ սպասում, և չեմ պատրաստվում սպասել ևս մեկ համապետական ընտրության, որովհետև ցանկացած համապետական ընտրություն այս պայմաններում կեղծվելու է, և որևիցե մեկը այստեղ չունի հնարավորություն ընտրության միջոցով տապալել այս ապօրինի իշխանություններին: Հետևաբար, կարող եք սկսել: Օրինակ՝ կազմակերպեք կեղծ թաղում, սկսեք Լիսկայից, Սյունիքի մարզը առաջին հերթին սկսենք ազատագրել, սկսելով կեղծ թաղումների, հոգեհանգիստների միջոցով, բեմադրությունների միջոցով ծաղրել այս իշխանություններին: Դա մեզ հնարավորություն է տալու համախմբվելու: Ես ասեցի ընդամենը մի քանի քայլեր: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն