Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ պետք է ուսումնասիրվի՝ այդ խախտումներն իրականում ովքեր են կատարել. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
TOokTEIfbLU

Հասարակությունն իր վստահությունն է կորցրել ընդդիմության հանդեպ. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից հետո ընդդիմությունն այլ ելք չունի, քան կեղծիքների և ընտրախախտումների մասին խոսելը: «Դուք ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունն այլ ելք ունե՞ր։ Քանի որ չունի որևէ պատճառաբանություն, բնականաբար, ինչ-որ ձև պետք է գտնեին, որպեսզի արդարացնեին իրենց այս ամիսների բարձրացրած խնդիրները և, բնականաբար, բոյկոտի ձևն են ընտրել։ Եվ եթե դուք ուշադիր նայեք բողոքների քանակը, որևէ անգամ չի եղել նմանատիպ ընտրություն, որ նման քիչ քանակությամբ, այն էլ իրենցից մեծ բարդություն չներկայացնող խախտումների մասին են իրենք արձանագրել։ Ընդ որում՝ պետք է ասեմ, որ դեռ պետք է ուսումնասիրվի՝ այդ խախտումներն իրականում ովքեր են կատարել, գուցե դրանք պրովոկացիաներ են եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ շատ խիստ հանձնարարական կա՝ իրավապահ մարմինները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն արձանագրած խախտումները։ Հարցին՝ խախտումների վերանայումը կազդի՞ հանրաքվեի արդյունքների վրա, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Դրանք բացարձակապես չեն կարող ազդեցություն ունենալ, որովհետև, եթե դուք՝ ինքներդ, ուսումնասիրեք և ինքներդ համոզվեք դրա մեջ, թե ինչ խախտումներ են արձանագրված․․․ և դեռ պարզ չէ այդ խախտումների ծագումնաբանությունը»։ Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե մարդիկ խախտումների մասին քիչ են ահազանգում, որովհետև զզվել են արդեն այս իշխանություններից և գիտեն, որ ահազանգը չի ունենա հետևանք, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ հասարակությունը, հանրությունն իր վստահությունն է կորցրել ընդդիմության հանդեպ, և հասարակությունը չէ, որ պետք է այդ խախտումներն արձանագրեր՝ այսպես ասած, դրա համար կան քաղաքական ուժեր, վստահված անձեր, հանձնաժողովի անդամներ, կան դիտորդներ, և եթե այդ ամենը հանրագումարի եք բերում․․․ դրանք տարածված խոսքեր են՝ հասարակությունը զզվել է, հիասթափվել է»։