Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կարողանում ենք ամբողջական վերահսկողություն սահմանել ընտրական մեխանիզմի վրա». ՔՊ վարչության նախագահ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Arayik

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին տարբեր տեղամասերում դիտորդական կազմակերպությունների կողմից ներգրավված են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Կուսակցությունը դեռ այս թեմայով քննարկումներ չի ունեցել, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց իր անձնական կարծիքը. «Այն ընտրատեղամասերում, որտեղ մենք ունեցել ենք դիտորդներ, բավականին հաջող աշխատանք են կատարել, եւ «Ոչ»-ը այդ տեղամասերում հաղթել է։ Սա հերթական անգամ ապացուցում է այն, որ եթե մենք կարողանում ենք ամբողջական վերահսկողություն սահմանել ընտրական մեխանիզմի վրա, այսինքն՝ բոլոր տեղամասերում ունենանք դիտորդներ, վստահված անձեր՝ վերահսկելու ամբողջ ընտրական գործընթացը, ապա այս կեղծիքների մեխանիզմը ոչ ամբողջությամբ, բայց լուրջ հարված կստանա ու արդեն անկանխատեսելի է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ գործող ռեժիմի համար»։ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները Արայիկ Հարությունյանի համար սպասելի էին. «ԿԸՀ-ն շարունակում է ընտրակեղծարարի հիմնական գործունեությունը: Ընտրակեղծիքների ծավալը մեծացել է մի պատճառով, որ իշխանությունները այլեւս հանրությունում աջակցություն չունեն ու ստիպված են դիմելու նման մեթոդների։ Սովորական կեղծված, խայտառակ հանրաքվե էր։ Իսկ կուսակցությունը այս ընտրական գործընթացին չի մասնակցել, քանի որ դա համարում է կեղծ օրակարգ»։ Վարչության նախագահը եւս մեկ անգամ նշեց, որ իրենք կմասնակցեն հանրահավաքներին, բողոքի ակցիաներին այն դեպքում, երբ դրանք հստակ նպատակ ունենան. «Երբ այդ նպատակները հայտարարվեն ու կուսակցությանը առաջարկ լինի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստ է քննարկել ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող բոլոր առաջարկները, բայց դրանք պետք է ունենան հստակ նպատակներ եւ իրագործման ժամանակացույց ու ծրագիր»: