Լևոն Զուրաբյանը պարզաբանեց իրենց բոյկոտի որոշումը (տեսանյութ)
ԱԺ նիստը բոյկոտելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ տեղի են ունեցել զանգվածային բռնություններ, լցոնումներ, կեղծումներ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, և այս պայմաններում իրենք ուղղակի չեն կարող նստել նույն դահլիճում դրանց հեղինակների կողքին։ «Մենք այս նստաշրջանի հետագա աշխատանքները բոյկոտում ենք, իսկապես շատ դժվար է կատարվածից հետո նստել նույն դահլիճում, շփվել մարդկանց հետ, ովքեր կրում են այս կատարված, չեմ հապաղի ասել, ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը»,-ընդգծեց նա։ Որքա՞ն ժամանակ է պետք իրենց «սգից» դուրս գալու համար. հարցին Լեւոն Զուրաբյանն ասաց․ «Ոչ մի սուգ չկա և չի էլ կարող լինի, որովհետև քաղաքական գործիչները, ովքեր հավատարիմ են իրենց սկզբունքներին և արժեքներին, նրանք միշտ շարունակում են պայքարը, և ես կարծում եմ, որ հաղթանակի գրավականը հենց դրա մեջ է»։ Իսկ թե ինչու ՀԱԿ խմբակցության անդամ մյուս երեք պատգամավորները չբոյկոտեցին ԱԺ նիստերը, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ինքը միշտ ասել է՝ ինքը քննադատելու է միայն իշխանություններին, իսկ թե ինչու խմբակցության մյուս անդամները չբոյկոտեցին, դա պետք է հարցնել իրենցից: