«Ես կարող էի անգամ բացեիբաց քվեարկել». Տ. Խզմալյան (տեսանյութ)
Կինոռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Խզմալյանն այսօր եւս մասնակցեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ այս ամբողջ գործընթացն ուղղակի կրկես է, քանի որ 1995թ. սկսած մենք իրական ընտրություն եւ հանրաքվե չենք ունեցել. «Ոչ մի սպասելիք այս կատակերգությունից չունեմ: Երկար եմ մտածել՝ գալ, թե չգալ, որոշեցի ի վերջո գալ՝ հաճույք ունենալու դնելու «ոչ»: Այդ ոչ-ը չի վերաբերում փոփոխություններին կամ հին Սահմանադրությանը, քանի որ ոչ առաջինը, ոչ էլ 2-րդը չեն կատարվում, ինչպես նաեւ՝ «ոչ»-ը այն ընդդիմության, որ հիմա կանգնած է Ազատության հրապարակում, մենաշնորհը չէ: Կարծում եմ՝ աշխարհի ամենամեծ ընդդիմությունը ՀՀ-ում է, քանի որ բացի մի քանի տասնյակ հազար պետական աշխատողների, որոնք իսկապես կախված են այս իշխանությունից, մնացած բնակչությանը կարելի է համարել ընդդիմություն»: Նրա խոսքերով՝ իր «ոչ»-ը վերաբերում է այն կողոպուտին, բռնաբարություններին՝ նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական, այլև այն քաղաքական, քաղաքացիական մթնոլորտին, որ ստեղծված է ՀՀ-ում. «Դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ. ես կարող էի անգամ բացեիբաց քվեարկել»: