Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աբսուրդ է, որ Սերժ Սարգսյանը համամասնական ցուցակում լինի 200-րդը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hyd2

Դաշնակցությունն այսօր անկեղծացավ, որ ուզում է պետական կառավարման այնպիսի համակարգ, ինչպիսին Դաշնակցությունում է։ Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ «Կոլեգիալ ղեկավարում իրականացնող, որոշումները կոլեգիալ ընդունող, ոչ թե մեկի անձով պայմանավորված»: Դեռ 95-ի Սահմանադրությունը կարող էր լինել Դաշնակցության ուզածով: Ըստ Արմեն Ռուստամյանի, ՀՀՇ-ական իշխանությունը հասկացել էր, որ դատապարտված է ձախողվելու. «Կես տարի առաջ հանրաքվեից փակեցին Դաշնակցությունը, ձեզ թվում ա՝ ինչի՞ համար: Որովհետեւ լուրջ «Ոչ»-ի շարժում իրականացնող քաղաքական ուժերից մեկը հենց Դաշնակցությունն էր»: Այն, ինչ չի հաջողվել Դաշնակցությանը 20 տարի առաջ, ուզում է անել այսօր: Բարեփոխումների գաղափարակիրն, ըստ Արմեն Ռուստամյանի, հենց Դաշնակցությունն է, ոչ թե Հանրապետականը, եւ պետք չէ այս կուսակցությանը Սերժ Սարգսյանի հաճախորդ անվանել. «Սաղ կյանքը եթե մեկը հաճախորդ ա եղել, չի կարա ուրիշներին հաճախորդ ասել»: Լրագրողները նկատեցին, որ, այնուամենայնիվ, վերարտադրվողը Սերժ Սարգսյանն է՝ երկու օր առաջվա ասուլիսում ինքը դա չի հերքել: Աղվան Վարդանյանը համաձայն չէ, Սերժ Սարգսյանը չվերարտադրվելու մասին իր խոսքերից չի հրաժարվել: Նույնիսկ խորհրդարանի ղեկավար դառնալու տարբերակ չունի. «Մի տարբերակ կա, որը, ինչ ասեմ, այսինքն, խելագարության կանխավարկածի կամ աբսուրդի ժանրից է, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում իր անունը գրի 200-րդը, ընտրությունները ավարտվեն, 18 թվականին իր լիազորությունների ժամկետը ավարտվի, եւ էն ասենք, 30-40 հոգին, որ պատգամավոր են դարձել, մի 160 հոգի ցուցակից դիմում գրեն, դուրս գան, ինքը մտնի Ազգային Ժողով, եւ դառնա պատգամավոր, հետո էլ դառնա նախագահ: Աբսուրդ է»: Դաշնակցությունը քարոզարշավն ավարտում է 60 հանդիպում անցկացնելուց հետո, յուրաքանչյուր հանդիպմանը պատասխանել են առնվազն 10-15 քաղաքացու հարցերին. «Մեր ժողովուրդը շատ բազմազան ա, շատ բազմաշերտ ա՝ «այո» էլ կա, «ոչ» էլ կա, անտարբեր էլ կա, հուսահատվածներ էլ կան»: Ի դեպ, կուսակցությունն այն կարծիքին է, որ հանրաքվեն կեղծելու մասին խոսակցություններն անիմաստ են, եթե թեման բացողները տեղամասերում իրենց մարդիկ չունեն: Ավելի լավ է դրանից խոսեն: «Տեղերում եղեք եւ վերահսկեք»,-ասում է Արմեն Ռուստամյանը: