Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարիք չկա վաճառել Համո Սահյանի արխիվը. նախարարի պատասխանը

Հասարակություն
7d5615708f75c88368743855b659263a

Հասմիկ Պողոսյանը այսօր խոսեց նաեւ Համո Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի մտադրության մասին՝ վաճառել բանաստեղծի արխիվները, որի հասույթով նա պատրասվում է բացել հոր արձանը եւ տուն-թանգարանը. «Այդ գործընթացում որեւէ հիմքեր չկան, որովհետեւ տարիների ընթացքում միշտ ուշադրություն է եղել Համո Սահյանի անձի նկատմամբ: Օրինակ Սիսիանում ստեղծվել է նրա անվան մշակույթի տունը: Այս պահին տուն-թանգարանի կառուցումն ավարտվում է, էքսպոզիցիոն պլանը կազմված է, վճարված է, կիսանդրին արդեն պատրաստ է եւ գտնվում է տուն-թանգարանի բակում: Աշխատանքները կավարտվեն, մարզպետարանի օժանդակությամբ կբացվի մշտական ցուցադրությունը»: Նախարարը վստահեցրեց, որ երկուշաբթի ժառանգների հետ կրկին ճշտվելու է ժամանակացույցը. «Կարծում եմ՝ կարիք չկա վաճառքի միջոցով պետությանն օժանդակել, որպեսզի Սահյանի հետ կապված որեւէ խնդիր լուծվի: Պետությունն ի զորու է դրանք լուծել»: Հիշեցնենք՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, Սահյանի որդի Նաիրի Սահյանը որոշել է վաճառքի հանել հոր անտիպ արխիվը: «Ստիպված եմ դիմել այդ քայլին, որպեսզի ստացված գումարով Երևանում բացվի Համո Սահյանի արձանը, իսկ Լոր գյուղում` նրա թանգարանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր Նաիրի Սահյանը` հավելելով, որ ավելի քան 4 տարի է, ապարդյուն պայքարում է, որ գրողը Երևանում ունենա արձան, ինչպես նաև թանգարան` ծննդավայրում` Սիսիանի շրջանի Լոր գյուղում: