Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անօթևանի հասակը պետք է լինի 2 մ. պետությունը թող սահմանի» (տեսանյութ)

Հասարակություն
tnak

«Անգամ 2-րդ համաշխարհային պատերազմի հետևանքները վերացնելու համար այնքան ժամանակ չի պահանջվել, որքան Գյումրու երկրաշարժից հետո»,-այսօր նշեց ասուլիսի ընթացքում տեսակապի միջոցով Գյումրիից միացած «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։ Նա շեշտեց, որ մարդիկ ապրում են առանց ջրի, զուգարանի, քարուքանդ տնակներում. «Դեռևս 2700 ընտանիք Գյումրիում ապրում է տնակում։ Ունենք 100-ավոր ընտանիքներ, որոնք բնակարան ստանալու համար չեն հերթագրվել, շահառու չեն։ Դրա համար իշխանություն, ընդդիմություն, բոլորը պետք է գան, իրենց աչքով տեսնեն այս վիճակը։ Թվերը շարադրելով վիճակը չի փոխվում։ Տնակներում ապրող շատ մարդիկ, հատկապես երեխաները տարբեր հիվանդություններ են ձեռք բերել»։ «Բնակարանի կարիք ունեցող մարդկանց մոտ 33 տոկոսը սահմանված ժամկետում փաստաթղթեր չեն ներկայացրել, որի համար հաշվառման մեջ չեն։ Մենք չէինք կարող բազմակողմանի ուսումնասիրել և որոշում կայացնել նրանց վերաբերյալ»,-հակադարձեց Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը։ «Նոր հաշվառման անհրաժեշտություն կա»,-եզրակացրեց պարոն Թումասյանը, սակայն նախարարության աշխատակիցը սա չմեկնաբանեց։ «Շիրակ կենտրոն»-ի ղեկավարը հիշեցրեց, որ հստակ չափանիշներով պետք է առաջնորդվել՝ բնակարանի հատկացման ժամանակ. «Ենթադրենք, անօթևանի հասակը պետք է լինի 2 մ, պետությունը թող սահմանի և եթե անօթևանի հասակը լիներ 198 սմ կամ 199, ասեին՝ չի համապատասխանում»։ Քաղաքաշինության նախարարության աշխատակիցը նշեց, որ դժվար է միանգամից բոլոր կարիք ունեցողներին ապահովել բնակարանով։ «Բացի այդ, Գյումրիում բոլոր անօթևանները չէ, որ երկրաշարժի հետևանքով են բնակարանից զրկվել։ Սեփական միջոցներով թող ձգտեն բնակարան ձեռք բերել»։