Շենգավիթում գրեթե 65%-ը գաղափար չունի սահմանադրության մասին (տեսանյութ)
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը սահմանադրական փոփոխություններին ընդառաջ ՀՀ ողջ տարածքում երկու սոցհարցում է իրականացրել՝ մեկը հոկտեմբեր ամսին, երկրորդը՝ մեկ շաբաթ առաջ: Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հարցման արդյունքները: Մարզկենտրոններում, խոշոր քաղաքներում, գյուղական բնակավայրերում և Երևանում երկու հարցումներին մասնակցել է 3300 ընտրող: «75%-ն է միայն հետաքրքրված գալիք հանրաքվեով, մնացյալ 25%-ը ընդհանրապես քաղաքականությամբ չի հետարքրքվում և հարցման չեն մասնակցել: Հարցին, թե փոփոխությունների հիմնական կորիզը , նպատակը ո՞րն է ՝ Երևանում բոլոր ընտրողների 30% -ը, իսկ մարզերում 40%-ը պատկերացում անգամ չունեն , օրինակ Շենգավիթ վարչական շրջանում գրեթե 65%-ը գաղափար անգամ չուներ՝ ինչի մասին է խոսքը»,-նշեց նա և հավելեց, որ եթե հոկտեմբերին բնակչության 30%-ն էր հաստատ մասնակցելու հանրաքվեին, ապա հիմա 45%-ը , ինչը քարոզարշավի արդյունքում է: Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ՝ կողմ արտահայտվողները ամենաշատը Սյունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում են, իսկ դեմ արտահայտվողները գերակշռում են Շիրակի, Լոռվա, Արմավիրի մարզերում, մնացյալ մարզերում գրեթե հավասար են: Իսկ Երևանում կողմ արտահայտվողները գերակայում են Ավան- Առինջում, Նորք-Մարաշում, Կենտրոնում հավասարակշիռ է, Էրեբունիում և ՀԱԹ-ում շատ են դեմ արտահայտվողները: Սոցիոլոգը նաև նշեց մի քանի հանգամանք, որոնք ազդեցություն են ունեցել ընտրողների դիրքորոշման վրա: «Այն մարզերում, որտեղ մարդիկ աշխատանք ունեն, կարողանում են իրենց ապրուստը հոգալ, այդտեղ հիմնականում կողմ են արտահայտվում, իսկ դեմ արտահայտվողները չունեն այնքան քարոզիչ, որ կարողանան բոլոր համայնքներում աշխատել: Սահմանադրական փոփոխություններն անցնելու են գյուղական ձայների հաշվին»,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը ՝ պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե նշված հանգամանքները հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ի՞նչ արդյունք է ունենալու: