«Մեր վերջնական նպատակը «այո» կամ «ոչ» ասելը չէ». սիրիահայ
«Հայաստանում խնդիրներ առաջանում են ոչ այն պատճառով, որ մենք սիրիահայ ենք, այլ որովհետեւ այդ խնդիրները հենց ամբողջ հայության խնդիրներն են: Դժբախտաբար, Հայաստանը՝ որպես պետություն, արդեն դժվար վիճակում է»,- ասում է մասնագիտությամբ փաստաբան Րաֆֆի Հալաջյանը, ով այս տարվա մայիսին է տեղափոխվել Հայաստան:
Նա աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես նաեւ արաբերենի դասեր է տալիս լեզվի կենտրոնում, եւ նրա խոսքով՝ խնդիրը ոչ այդքան գործազրկությունն է, որքան ոչ բավարար աշխատավարձը:
«Հիմա փնտրում եմ երրորդ աշխատանք, ուզում եմ ընտանիքիս հետ այստեղ մնալ, չեմ ուզում, որ Հայաստանը պարզապես կանգառ լինի մեզ համար»:
Պրն Հալաջյանը ասում է, որ թերություններ կան բոլոր երկրներում, եւ հենց այդ թերությունների մեջ պետք է լինել համախմբված:
Իսկ մեր այն հարցին, թե ինչ է նա կարծում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջիկա հանրաքվեի մասին, նա նշեց.
«Սա «այո»-ի կամ «ոչ»-ի պայքարը չէ: Մեր պայքարը Հայաստանի բարգավաճման համար է: Յուրաքանչյուր սահմանադրություն պետք է կառուցված լինի լավ հիմքերի վրա եւ գոնե 80-90%–ով ճիշտ գործադրվի, այդ դեպքում ոչ ոք չի մտածի սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին: «Այո»-ն կոչ է անում քվեարկել «այո», քանի որ այդպես ավելի լավ Հայաստան կունենանք, «Ոչ»-ն էլ՝ «ոչ», որովհետեւ լավ Հայաստանը այս փոփոխությունների արդյունքում չէ, որ կլինի: Այսինքն՝ վերջնական նպատակը ավելի լավ Հայաստան ունենալն է, այլ ոչ թե սահմանադրություն փոխելը, փոփոխություններին «այո կամ ոչ» ասելը»:
«Մեզ համար գերադասելի է, որ երեխաներս այստեղ մեծանան»
Սիրիահայ Թամար Այրանջյանը ընտանիքի հետ Հայաստան է վերադարձել 2013 թվականին: Նրա խոսքով՝ Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո դիմել են քաղաքացիություն ստանալու համար եւ 6 ամիս անց ստացել են: Տիկին Այրանջյանը նշում է, որ մեկուկես տարվա ընթացքում բավականին հարմարվել են Հայաստանին, իսկ սկզբնական դժվարությունները հիմնականում կապված են եղել բնակարան գտնելու եւ այլ ֆինանսական խնդիրների հետ:
Ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, զբաղվում է կահույքագործությամբ, սակայն չունի ստաբիլ աշխատավարձ, եւ դա, տիկին Այրանջյանի խոսքով, բավականացնում է միայն բնակարանի վարձը եւ կոմունալ ծախսերը հոգալուն:
«Ճիշտ է, դժվարություններ ամեն տեղ էլ կան, սակայն ես գոհ եմ, որ այստեղ ենք եւ չեմ ուզում որեւէ այլ տեղ գնալ: Իմ եւ ամուսնուս երազանքն էր գալ այստեղ, սակայն չէինք մտածում՝ երկու մանկահասակ երեխաների հետ հենց այս կերպ կվերադառնայինք: Սա իմ երկիրն է, իմ հայրենակիցներն են, մեզ համար գերադասելի է, որ երեխաներս այստեղ մեծանան»,- ասում է նա:
Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին՝ տիկին Այրանջյանը նշեց, որ մեկ ու կես տարին բավականին քիչ է, որ կարողանա կողմնորոշվել եւ մասնակցել հանրաքվեին: Նրա խոսքով՝ պետք է երկար տարիներ ապրել այստեղ, ծանոթանալ համակարգին, ապա նոր՝ որոշում կայացնել: