Զարուհի Բաթոյան. «Խնդիրը ներառականության բացակայությունն է»
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1992 թվականին հռչակեց դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր կայացավ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն:
Մեզ հետ զրույցում ՀԿ-ի նախագահ Զարուհի Բաթոյանը նշեց, որ ֆիլմերի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանը ճանաչել տալն է:
«Մեզ համար կարեւոր է, որ մարդիկ տեսնեն նրանց առանձնահատկություններն ու առավելությունները, նմանություններ գտնեն նրանց մեջ: Նրանք նույնպես կարող են ունենալ նախասիրություններ, զբաղվել սիրելի գործով եւ լինել հասարակության լիարժեք անդամներ»:
Ֆիլմի հերոսներից մեկը՝ Աննա Ավետիսյանը նշեց, որ ի համեմատ իր մասնակցությամբ այլ ֆիլմերի՝ տվյալ ֆիլմը առանձնահատուկ էր իր բովանդակությամբ:,
«Եթե նախորդ ֆիլմերը ներկայացնում էին դպրոցական միջավայրը, կրթության կազմակերպումը, այս ֆիլմը պատմում է իմ հետաքրքրության ոլորտների մասին: Այս ֆիլմերը եւս մեկ անգամ բերեցին ինձ այն համոզմանը, որ մարդու ցանկության դեպքում անհնարին ոչինչ չկա»:
Ֆիլմերի հերոսներից մեկը զբաղվում է աճպարարությամբ, մյուսը նկարում է եւ քանդակում: Աննան իրավագետ է, ցանկանում է շարունակել ուսումը եւ ձեռք բերել երկրորդ մասնագիտություն՝ ցեղասպանագետ:
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ Զարուհի Բաթոյանը նշեց, որ այն, ինչ արվում է մեր երկրում, արվում է առանց հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնելու:
«Խնդիրը ներառականության բացակայությունն է: ճիշտ է, որպես ձեռքբերում՝ մենք ունենք ներառական կրթություն, որը զարգանում է, ավելի շատ դպրոցներ են ընդգրկվում, սակայն նման մոտեցում անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, որպեսզի ունենանք զգալի արդյունքներ»:
Սյուզի Մուրադյան