Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ ենք անում կողմերին՝ պաշպանել մարդկային կյանքերը. ԵԱՀԿ

Քաղաքականություն
28489d961ed2716e11346b6d19344778

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը. Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարներս՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերի, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիր, մնում ենք հավատարիմ մեր հանձնառությանը միջնորդել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում լարվածության աճի պայմաններում մենք կոչ ենք անում կողմերին վերանայել հակամարտության խաղաղ կարգավորմանն  ուղղված իրենց հանձնառությունը և ցրել այն թյուրըմբռնումները, որ կողմերը լուրջ չեն վերաբերում բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը:Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականի Սոչիի, Ուելսի, Փարիզի գագաթաժողովների քննարկումները բազմակողմանի կարգավորման բաղադրիչների վերաբերյալ և պետք է ավելի ուժեղացնեն իրենց երկխոսությունը 2016 թվականին՝ հիմնվելով ներկայումս քննարկվող առաջարկների վրա: Այս տարի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների զգալի սրման պատճառով ստատուս քվոն դարձել է անկայուն: Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի և ծանր զինատեսակների օգտագործումը և խորապես ցավում ենք խաղաղ բնակչության շրջանում ունեցած մարդկային զոհերի համար: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և ոչ մի արդարացում չկա քաղաքացիների շրջանում մահվան դեպքերի և վիրավորների համար: Մենք կոչ ենք անում կողմերին նվազեցնել լարվածությունը և պաշպանել մարդկային կյանքերը։ Համանախագահները առաջարկել են ռիսկի նվազեցման միջոցներ, ներառյալ ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմը: Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որոնք կողմերը գրանցել են անհայտ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման ասպարեզում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հովանավորության ներքո: Մենք ողջունում ենք հետագա համագործակցությունը Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հետ:  Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ հետ վերադարձնել հայկական կողմի զինվորին, որը հատել էր շփման գիծը, և ՀՀ քաղաքացուն, որ հատել էր միջազգային սահմանը, օգտակար մարդասիրական ժեստ էր և համահունչ է միջազգային մարդասիրական պարտավորություններին:Մենք կոչ ենք անում կողմերին վերադարձնել մյուս բոլոր ռազմագերիներին՝ համաձայն 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ընդունված հռչակագրի: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հաստատվի երկխոսություն և ձեռք բերվի վստահություն: Անցնող տարում մենք ականատես ենք եղել համանախագահներին և Մինսկի խմբին ուղղված բանավոր հարձակումներին: Մենք շեշտում ենք, որ Մինսկի խումբը մնում է միակ ընդունված ձևաչափը և վայելում է ԵԱՀԿ բոլոր պետությունների վստահությունը: Բոլոր փորձերը՝ համանախագահներին մեղադրել բանակցային գործընթացի անհաջողությունների համար, միայն միտված են թաքցնելու խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը՝ քաղաքական կամքի պակասը Հայաստանում և Ադրբեջանում՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը բանակցությունների միջոցով: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը կողմերի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին՝ տևական խաղաղության:   Թարգմանությունը՝ «Ա1+»-ի