Մասնավոր սեկտորը հաշմանդամների համար պահանջում է արտոնություններ (տեսանյութ)
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Հայաստանի գործատուների միության հաշմանդամություն ունեցող անձանց խմբի նախագահ Նուշիկ Մելքոնյանը թեմայի շուրջ հրավիրված մամլո ասուլիսին շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ամենամեծ խնդիրը հոգեբանական բարդույթներն են՝ հասարակությանը ինտեգրվելու, ադապտացվելու դժվարությունները։ Խնդիրներ կան կապված նաև նրանց զբաղվածությունն ապահովելու ոլորտում։ Տիկին Մելքոնյանի խոսքերով՝ սահմանափակ կարողություններով անձինք դժվարությամբ են կարողանում աշխատանք գտնել հատկապես մասնավոր սեկտորում։ Այստեղ գործատուները հիմնականում պահանջում են կառավարությունից որոշակի արտոնություններ՝ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի վերցնելու համար։ «Փոքր և միջին ձեռնարկությունները չեն կարող հավասարազոր պայմաններ ապահովել նրանց համար և խոշոր կազմակերպությունների հետ համատեղ իրագործել այդ խնդիրը։ Ուստի Գործատուների հանրապետական միությունը բազմիցս բարձրաձայնել է դրա մասին, մենք նույնիսկ առաջարկներով ենք հանդես եկել , օրինագիծ ենք ներկայացրել, որը սակայն մինչ այսօր չի ընդունվել»,-նշեց Նուշիկ Մելքոնյանը։ Վերջինս առանձնացրեց նաև մեկ այլ խնդիր՝ հաշմանդամներից շատերը նաև իրենք չեն ուզում աշխատել։ « Մենք անցյալ տարվանից ստեղծել ենք կարուձևի մի արտադրամաս, որտեղ կարող- մոդելավորող մասնագետի որակավորում ձեռք բերելու համար հրավիրեցինք հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց աշխատելու։ Երբ որ մենք դիմեցինք տարածքային կառույցների աշխատանքային տեսչություններին՝ պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող անձիք իրենք այդքան էլ ձգտում չունեն աշխատելու ՝ հաշվի առնելով, որ այն աղքատիկ թոշակը, որը ստանում են կառավարությունից, իրենց համար բավարար է»։ Վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց թվի վերաբերյալ Նուշիկ Մելքոնյանը դժվարացավ հստակ ներկայացնել՝ ասելով, որ այդ թիվը շատ փոփոխական է։ Վերջին տարիների տվյալներով՝ ունենք 10.000 -ից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ։