«Այս իշխանությունը մեր երկիրը ուզուրպացրած իշխանություն է» (տեսանյութ)
«Սիրելի բարեկամներ, ես անկեղծ ասած, ոչ մի կասկած չունեմ, որ այս առաջարկված սահմանադրական փոփոխությունները, որը չգիտես ինչու անվանվում է սահմանադրական բարեփոխումներ , չի անցնելու: Առաջարկված այս փոփոխությունները հիանալի ցույց են տալիս, այդ փոփոխությունները կազմած իշխանության էությունն ինչպիսին է »,-Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միասնական շտաբի հանրահավաքին իր ելույթում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Վերջինս շեշտեց, որ առաջարկվող Սահմանադրության հումանիտար մասը պարզապես հրեշավոր է: «Սահմանադրության հայեցակարգում բառացի գրված է. Քանի որ Հայաստանը ընտրել է շուկայական տնտեսության ճանապարհը , այն անխուսափելիորեն բերում է սոցիալական անհավասարության և ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները պետք է հաշվի առնեն այս խնդիրները: Այսինքն, Սահմանադրությունը վավերացնում է , որ Հայաստանի ժողովուրդը ինքն իր համար ընտրել է սոցիալական անհավասարությունը, որպես կյանքի սկզբունք: Մենք նման բան ընտրե՞լ ենք»,-հարց ուղղեց տիկին Խառատյանը հավաքվածներին : «Ոչ» արձագանքեցին նրանք: «Այս իշխանությունը մեր երկիրը ուզուրպացրած իշխանություն է»,-իր ելույթն այսպես ավարտեց նա: Մանրամասները տեսանյութում: