Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք էլ «ոչ» ասեք». Գալուստ Սահակյանը՝ «Այո»-ի ցուցակ կազմողների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
galust

Թե Չեխիայի Հանրապետության նախագահը, թե Պատգամավորների պալատի նախագահը իրենց խոսքում տարբեր հանդիպումների ժամանակ ասել են Հայոց Ցեղասպանություն արտահայտությունը, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս չկա հստակ բանաձեւ կամ որոշում: Այս հարցը բարձրացվեց այսօր ՀՀ ԱԺ-ում, երբ եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ խորհրդարանի այգում մասնակցեցին ծառատունկին: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ պատճառն այն է, որ Չեխիայի խորհրդարանում ուժերի դասավորությունն այնպիսինն է, որ չեն կարողանում հաղթահարել այդ շեմը. «Սակայն իրենց արտաքին հարցերի հանձնաժողովը բանաձեւ ընդունել է այդ մասին, համենայնդեպս աշխատանք տարվում է»: Պարոն Սահակյանը, ճանապարհ դնելով չեխ գործընկերոջը, պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին եւ մասնավորապես անդրադարձավ Ազատության հրապարակում այս պահին տեղի ունեցող նստացույցին եւ հեղափոխության կոչերին. «Դրա մեջ բոլորս մաս ունենք եւ սովորական պիտի դիտվի. կարողացել ենք հասնել նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտության ձեւ էլ ունենան, որոշակիորեն կարողանան ներկայացնել հասարակությանը»: Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում նա բնական ու բնութագրական համարեց. «Ընդ որում՝ հենց այս սահմանադրական փոփոխությունները միտված են նրան, որպեսզի ամրապնդվի այդ ամբողջական գործընթացները, որպեսզի կառավարման պրոցեսին մասնակից դառնա ցանկացած քաղաքական ուժ կամ հասարակություն»: Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՀՀԿ գրասենյակի մոտ սպիտակ վարդեր դնելու փորձին, ապա պարոն Սահակյանը շատ լուրջ  պատասխան տվեց. «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաններում՝ կարելի է ծննդյան առումով դնել, կարելի է նահատակների հիշատակին դնել, իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ տարբերակը, որ ավելի գնահատելի է աշխարհում, դա հիմնականում երկրների ԱԺ նախագահներն ու վարչապետերն են դնում, որ ավելի մեծ բովանդակություն է ստանում»: Գալուստ Սահակյանը նկատում է՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումը կենաց-մահու խնդիր չէ. «Եթե ընդունվի, լավ, եթե չի ընդունվի, կյանքը դրանով չի վերջանում: Պարզապես մարդիկ դա փորձում են օգտագործել իրենց կրքերն ամբողջացնելու համար»: Լրագրողի այն դիտարկմանը, որ ցուցակներով անձամբ իրենց տուն են եկել՝ կոչ անելով քվեարկել «այո»-ի օգտին, նա պատասխանեց. «Ի՞նչ անենք, եկել են, որպեսզի ձեր կարծիքը իմանան, հուշել են, որ այո-ի համար, ի՞նչ եղավ...եսիմ ինչ է, դուք էլ «ոչ» ասեք»: