ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ը ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՆ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, թեեւ այսօրվա տոնը չի համարում իր տոնը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի եւ հարգանքի տուրք մատուցեց, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեց անհայտ զինվորի հուշարձանին: «Հաղթանակ» զբոսայգում էին նաեւ Հայաստանում իրենց ծառայությունն անցկացնող ռուս զինվորականները, սահմանապահներն ու նրանց հարազատները:
Այս տոնը հայկական զինված ուժերի հրամանատարությունը չի համարում իրենը, եւ պատահական չէ, որ երբ Սերժ Սարգսյանին հարցրինք, այսօր իրեն շնորհավորե՞լ են, նա պատասխանեց. «Սա մեր տոնը չի, մեր գործընկերների տոնն է»: (Տասնամյակներ շարունակ փետրվարի 23-ը ընկալվում էր ոչ միայն զինծառայողների կամ «Կարմիր բանակի», այլեւ տղամարդկանց տոն-խմբ): Իսկ Հաղթանակի զբոսայգի եկած նախկին զինվորականներն ու պատերազմի մասնակիցներն փետրվարի 23-ը շարունակում են համարել իրենց տոնը եւ միմյանց շնորհավորել:
Նկատենք, որ այսօր իրեն ուղղվող շնորհավորանքներից խիստ վիրավորվում էր հատկապես Պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: «Վարդանանց տոնը, հա, թող շնորհավոր լինի»,- ասում էր նա: (Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը:-խմբ)
Այսօր ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմից թերեւս միայն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Միքայել Հարությունյանը եւ նախագահի խորհրդական Գուրգեն Դարիբալթայանն էին հպարտությամբ ընդունում շնորհավորանքները:
«Հաղթանակ» զբոսայգում էր նաեւ ռազմական ոստիկանության եւ ոստիկանության ներկայացուցիչները՝ պետերով, տեղակալներով: Սերժ Սարգսյանը շտապում էր կառավարության նիստի եւ չպատասխանեց լրագրողների հարցերին, իսկ շտապողականությունը պայմանավորված էր նրանով, որ նիստը վարելու էր Ռոբերտ Քոչարյանը:
«Այսօր մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի, հայրենիքի պաշտպանի օրն է, եւ մենք այստեղ ենք, որ մեր ընկերների հետ նշենք այս տոնը: Իսկ հայկական տոնացույցով այսօր ՀՀ ԶՈՒ համար տոնական օր չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Միքայել Հարությունյանը:
Պատասխանելով հարցին,թե սահմանամերձ գոտում հրադադարի խախտման դեպքեր գրանցվել են վերջին բանակցություններից հետո, Միքայել Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր Ադրբեջանի տարածքում անցկացվում են հրամանատարա-շտաբային զինավարժություններ. «Այդպիսի միջոցառումներ մենք էլ ենք իրականացնում, իսկ այլ կտրուկ փոփոխություններ չկան»:
Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության սերտացումն, ըստ Միքայել Հարությունյանի, չի սպառնում Հայաստանին: Բայց նա կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացումը: