«Կարմիր քարտ» շարժմանը խոչընդոտեց ՀՀԿ-ի հայտնի տատիկը (տեսանյութ)
Քիչ առաջ մեկնարկեց «Կարմիր քարտ» քաղաքացիական շարժման ակցիան՝ ուղղված էլեկտրաէներգիայի, գազի, ալյուրի և շաքարավազի գների նվազեցմանը։
Նրանք Կարմիր քարտերով և «Չենք հնազանդվելու» վերտառությամբ պաստառով կանգնել էին կառավարության շենքի դիմաց և սուլում էին։
Այդ պահին նրանց մոտեցավ ՀՀԿ-ի հայտնի տատիկը և սկսեց բղավել նրանց վրա և իր ձեռնափայտով հարվածելով ակցիայի մասնակիցների պաստառին, այն գցեց գետնին։Կարմիր քարտի անդամները սկսեցին ավելի բարձր սուլել։
Ոստիկանների միջամտությամբ միջադեպն ավարտվեց։ Ակցիան ուղեկցում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ։
Կարմիր քարտ շարժման նախաձեռնող խմբի անդամ Փայլակ Թևանյանը կառավարության դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին հանձնեց իրենց դիմում- պահանջը ՝ մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրելու իրենց տվյալներն ու գործին ընթացք տալու պահանջով։
Փայլակ Թևանյանը «Ա1+»- ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 30-ին իրենք գալու են այստեղ՝ իմանալու, թե ինչ ընթացքում են գտնվում իրենց բարձրաձայնած խնդիրները։
«Ապրանք ներկրողները գերշահույթ են ստանում, իսկ ժողովուրդը ստիպված է թանկ գներով գնել այդ ապրանքները։ Օրինակ, շաքարավազի 95 տոկոսը ներկրում է «Ալեքս- Գրիգ» կազմակերպությունը , իսկ դա նշանակում է, որ իշխանությունների թույլտվությամբ մոնոպոլիա է տիրում»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներն այժմ երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա՝ ևս 2-ական նամակ հանձնելու Ազգային ժողով և նախագահական նստավայր։