«ԿԲ-ի ներկայացրած նախագիծը հակասահմանադրական է»
Տարբեր իրավաքաղաքացիական հարաբերություններ այսօր փորձ է արվում քրեականացնել կամ վարչականացնել եւ պետական ռեսուրսի միջոցով ինչ-որ խնդիր լուծել: Այսօր ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելուն, որը վերաբերում էր գրավադրված գույքի միտումնավոր վնասելուն: Նախագիծը ԱԺ ներկայացրել է ԿԲ-ն: Նա անընդունելի համարեց դա. «Որպես քրեական պատասխանատվություն՝ նախագծում նշված է, որ քաղաքացին պետք է ենթարկվի երկու տարի ազատազրկման: Սա հակասահմանադրական է, քանի որ նշված է՝ մարդու չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:Սա միայն բավարար է, որ մենք այս նախագիծը չընդունենք»: Պարոն Մարուքյանը ԱԺ-ին կոչ արեց եւս մեկ անգամ ուշադիր ու մանրամասն կարդալ այս նախագիծը, քանի որ, ըստ նրա, վտանգները շատ հստակ ու ցայտուն են. «Նախագիծը պետք է մերժել, եթե, իհարկե, կառավարությունը այն հետ չվերցնի»: