Գործարարները դժգոհ են ԵՏՄ մաքսատուրքերից (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Ղազախստանի Բուրաբայ քաղաքում ստորագրված «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: Այն ներկայացրեց Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը: ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, նրան հարց ուղղելով, նշեց. «Մինչեւ այսօր չի լուծվել այն հարցը, երբ ապրանքները ուղարկում ենք ՌԴ ինչ-ինչ պատճառներով այն հետ է գալիս՝ կրկնակի ԱԱՀ հարկված: Իսկ երբ հիսուն օր հետո է հետ բերվում, ՀՀ-ի սահմանի վրա է հարկվում: Նման բան առաջ չկար: Ուզում եմ նշել, որ ՌԴ-ից ավելի շատ ներմուծվում է, քան արտահանվում: ՌԴ մաքսային սահմանի վրա նույնացման սերտիֆիկատ են ուզում, ՀՀ սահմանի վրա չենք ուզում: Սա անօրինակ գործընթաց է գործարարերի համար: Ես անձամբ ձեզ եմ զանգել՝ հարցի լուծման համար»: Սուրեն Կարայանը ընդգծեց՝ երբ արտահանվում է ապրանքը ՌԴ, ապա ՀՀ-ում վճարված ԱԱՀ-ն հետ է վերադարձվում, եթե ՌԴ-ում վճարվել է. «Դա բարդ ընթացակարգ է, դրա համար խնդիրներ են ի հայտ գալիս: Կանոնակարգվելու են այդ խնդիրները: Հույս ունենանք, որ աշխատանքային քննարկումներ կլինեն, դեկտեմբերի քսանմեկին ԵՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ կստորագրվի արձանագրությունը, եւ կկատարվեն փոփոխություններ: Իսկ նույնականացման սերտիֆիկատներ կարող են պահանջել, եթե միասնական մաքսատուրքերից տարբերվող ապրանքներ են արտահանվում: Մյուս ապրանքատեսակների դեպքում իրավունք չունեն պահանջելու»: