Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ տեսել, որ անչափահասը ուղղված դուրս գա ՔԿՀ-ից». փաստաբան

Հասարակություն
db001445dbbed8495696919960181cfa

«Վերջին շրջանում շատացել է անչափահասների, երիտասարդների կողմից սպանությունների թիվը: Ո՞րն է պատճառը: Հոգեբանորեն ինչպե՞ս մեկնաբանել այս երեւույթը: Ի՞նչ մեխանիզմներ են պետք այդ արատավոր երեւույթը վերացնելու համար». այս թեմայով քննարկմանը հոգեբան Ռուբեն Պողոսյանը նշում է. «Դեռահասը դեռ չգիտի՝ ինքն ով է, անորոշության շեմին է: Նայում է ինքն իրեն հայելու մեջ ու տեսնում՝ քիթը մեծացած, ականջները ցցված, անուն էլ չի ուզում ընդունել: Ծնողները հուսահատ են դառնում: Դեռահասները փոքր տարիքում իրենց զգում են դիցաբանական հերոսներ, մեծանալով՝ հայտնաբերում են, որ իրենք սովորական մահկանացուներ են: Նա սկսում է մտածել՝ կարո՞ղ է ինձ ուրիշ տեղից են բերել: Դա գալիս է զարգացման ներքին հակասությունից: Ձեւավորվում է լատենտ ընթացող ագրեսիա, որը հետո կարող է կյանքի կոչվել»: Ըստ նրա՝ դեռահասների շրջանում հանցագործությունների աճը պայմանավորված է սոցիալական իրավիճակից, տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակից. «Նրանք ինքնահաստատման խնդիր ունեն, սակայն ինքնուրույն չեն կարողանում վաստակել, իսկ ծնողներն էլ ի վիճակի չեն: Երբեմն ծաղրանքի կենտրոնում են հայտնվում՝ թաքուն պահելով ոխը: Շատ կարեւոր է ընտանեկան դաստիարակությունը, իսկ հոգեկանի զարգացման առաջին հիմքերը պետք է փնտրել ընտանիքում»: Հոգեբանի խոսքերով դեռահասները անմեղ մեղավորներ են. «Իրենք իրենց ինչ-որ բանով շատ պակասավոր են զգում: Մեր հասարակությունը դեռեւս մարդասիրական չէ, որ հասկանա դեռահասի հետ շփման խոսքի նշանակությունը, համեստաբար մոտենան դեռահասին»: Փաստաբան Լիանա Բալյանի մեկնաբանությամբ՝  16 տարեկանում, որոշ դեպքերում 14 տարեկանը լրացած դեռահասները, քրեական պատասխանատվության ենթարկվելով, մեկ տարվա ազատազրկման է ենթարկվում. «Մինչեւ 16 տարեկան դեռահասները ծանր հանցագործության դեպքում ենթարկվում է 7 տարի ազատազրկման, 16-17 տարեկանները՝ մինչեւ 10 տարի ազատազրկման: Անչափահասները  ցմահ ազատազրկման չեն ենթարկվում»: Ըստ նրա՝ Աբովյան ՔԿՀ-ում, որտեղ իրենց պատիժն են կրում անչափահասները, հոգեբանների աշխատանքները, նկարչության, քանդակագործության, սպորտի դասերը, որ անչափահասներն անընդհատ զբաղված լինեն, ձեւական բնույթ են կրում. «ՔԿՀ-ում անչափահասը գործ է ունենում մասնագիտացած հանցագործների հետ, իսկ ՔԿՀ-ից դուրս գալով՝ անչափահասը չարանում է ու կրկնում հանցագործությունը»: Լիանա Բալյանի խոսքերով՝ հեռուստատեսությամբ այսօր գովերգվում ու խրախուսվում է գողական աշխարհը. «Ագրեսիան շատ է: Օրինակ՝ դպրոցում ծաղրում են լավ սովորող տղային, որ մայրիկի տղա է ու չի գալիս իրենց հետ կռիվ անելու: Մասնագիտական իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում չեմ տեսել, որ անչափահասը ուղղված դուրս է եկել ՔԿՀ-ից»: Նա նշում է՝ այսօր մենք չունենք մասնագիտացված դատավորներ, փաստաբաններ, դատարաններում սոցիալական աշխատողներ ու հոգեբաններ պետք է ներգրավել: Փաստաբանը ծնողներին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել երեխայի նկատմամբ, երբ նա ամբողջ օրը համակարգչի մոտ է նստած, դպրոց չի գնում. դեռահասի մոտ առաջացնում է ագրեսիա. «Մի անգամ ես մի գործ ունեի, երբ 14 տարեկան մարմնավաճառ աղջիկները ծեծել էին իրենց մյուս ընկերուհուն, գողացել էին նրա բջջային հեռախոսը: Երբ հարցրի՝ ձեր ինչի՞ն էր դա պետք, նրանք պատասխանեցին, որ իրենց պետք է ունենալ ավելի լավ հեռախոս ու ավելի լավ հագնվել, դրանից ավելի լավ բան չեն ուզում: Երբ ես նրանց ասացի, որ մեծանաք, բարձրագույն  կրթություն ստանաք, դուք այդ ամենը կունենաք: Նրանք հրաժարվեցին իմ փաստաբանական ծառայությունից՝ ասելով, թե այս ինչ մանկավարժություն  է մեր գլխին անում»: Տիկին Բալյանի կարծիքով՝ անչափահասների պատժի կրման լավագույն լուծումը պրոբացիոն համակարգն է: