Տաքսու վարորդները Սերժ Սարգսյանին ու ոստիկանապետին ծրագիր են ներկայացրել (տեսանյութ)
Այսօր անհատ տաքսու եւ տաքսի ծառայությունների ղեկավարները բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով համակարգային փոփոխություններ: Նրանք Սերժ Սարգսյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին 22 կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել: «Այսօր հասարակությունը որակ է ուզում, բոլորը զզվանքով են նայում տաքսու ոլորտին, սա ինչից է գալիս, որ տրանսպորտի նախարարությունը գրանտային ծրագրերով օրենքներ է գրում: Մենք գտնում ենք, որ վարորդներին կարող է վերահսկել միայն ճանապարհային ոստիկանությունը»,- հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Թեեւ վարորդները նախապես որոշել էին իրենց պահանջները ներկայացնելու համար գնալ Բաղրամյան 26 եւ Կառավարության շենք, սակայն հետագայում փոխեցին իրենց որոշումը: Իրենց պահանջները նրանք կներկայացնեն միայն Ճանապարհային ոստիկանությունում: Վարորդներն այսօր սակայն ավելի վրդովված էին տեսախցիկների տուգանքներից: Սարգիս Իսրայելյանը 1 մլն 800 հազար դրամի տուգանք ունի, դրանցից 700-ից 800 հազարը միայն կանգառներում կանգնելու արդյունք է: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել այդ տուգանքները եւ ընդհանրապես կանգառներից ուղեւոր վերցնելու դեպքում տուգանքներ չսահմանել: