Մ. Բադեյանը պատմեց, թե ինչ է ասել ԱՄՆ դեսպանատանը Զ. Փոստանջյանը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, որ 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթների ժամանակ ուշադրություն էր դարձնում ոչ թե կոնկրետ թվերին, այլ գնահատականներին: Բացի իր կուսակիցների ելույթներից, նրան դուր էին եկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթները. «Սրտացավ, խորաթափանց ելույթներ էին»: Սակայն, ըստ Մավել Բադեյանի, կային նաեւ ելույթներ, որոնք սպեկուլյատիվ բնույթ էին կրում: Նա մասնավորապես անդրադարձավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ այն անվանելով կուլ տալու կոչ. «Ծիծաղով պետք է վերաբերվեմ այդ ելույթին: Երկու ժամ առաջ այդ անձնավորությունը ԱՄՆ դեսպանատանն էր: Նրան ուղղված այն հարցին՝ արդյոք նա պատրա՞ստ է արյունահեղության իր երկրում, նա պատասխանեց՝ այո, իսկ այն հարցին, թե քո արյունը դու պատրա՞ստ ես տաս, նա ասաց՝ ոչ: Նա շագանակներ կհանի, իսկ այդ ընթացքում կթափվի ուրիշի արյունը»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը նա որակեց որպես սոցիալական դեմագոգիա. «Պատգամավորը հարցում է ուղարկել Դանիայի խորհրդարան, իսկ միգուցե մեկ այլ հարցում էլ աներ ու պարզեր, որ Դանիայի խորհրդարանի անդամը երեք անգամ ավելի քիչ է ուտում, քան ՀՀ ԱԺ պատգամավորը: Եւ նա հաշվի չէր առնի, որ Դանիայում ավելի շատ ձուկ են ուտում, քան հաց: Ուղղակի հարցը կարելի էր ավելի կոռեկտ ձեւակերպել»: